Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետը ՀՀ կառավարության եւ իր անունից ցավակցություն է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում բացված ցավակցությունների գրքում, որում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանում մեծ ցավով ընդունեցինք Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան լուրը: Ֆրանսիան կորցրեց պետական այրի եւ մեծ մարդու:
Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա նրա անկեղծ բարեկամությունը, վճռական ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում եւ միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Նրա պետական այցը Հայաստան մեծ իրադարձություն էր մեզ համար:
Ժակ Շիրակի մահը, հիրավի, մեծ կորուստ է բոլորիս համար: Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, ֆրանսիական պետությանը եւ Շիրակի ընտանիքին ու բարեկամներին:
Նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում եւ հոգիներում»: