Միասին կարող ենք
կարևոր
763 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-07 15:07
Հասարակություն

Ստեփանակերտում ոչնչացվել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը

Ստեփանակերտում ոչնչացվել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը

Այսօր մենք խորը մտահոգությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարածքում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը հանդիսացող Թատերական Աղբյուրը։ Այս մասին ահազանգում է «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում մոնումենտալ արվեստի գործերի համակարգված ոչնչացումը դարձել է համատարած՝ հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նման գործողությունները վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող ծրագրված քաղաքականության մասին՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության վերացմանը և պատմամշակութային հետքի ջնջմանը։

Այս գործընթացների նկատմամբ լռությունն ու անգործությունը անընդունելի են։

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են բարձրագույն մակարդակով արձագանքել ստեղծված իրավիճակին և ձեռնարկել համապատասխան քայլեր՝ մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը, որպես համամարդկային մշակութային արժեքների պահպանման պատասխանատու, կրում է ուղիղ պատասխանատվություն՝ կանխելու նմանատիպ գործողությունները և ապահովելու մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Հայկական մշակութային ժառանգությունը հանդիսանում է ոչ միայն մեր ժողովրդի ինքնության կարևորագույն բաղադրիչ, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մաս։
Դրա պաշտպանությունը պետք է դառնա ինչպես համազգային առաջնահերթություն, այնպես էլ միջազգային օրակարգի կարևոր բաղադրիչ։