Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվի բոլոր ջանքերը, ուղղված ադրբեջանցի դիվերսանտների և Ադրբեջանում հայտնված ու ձերբակալված ՀՀ քաղաքացիների կարգավիճակների հավասարեցմանը, անընդունելի են: Անգամ միջազգային մարդասիրական իրավունքում այդ կարգավիճակները հստակորեն տարբերակվում են: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ ավելացնելով, որ այս հարցում հայկական կողմը չպետք է համաձայնի Բաքվի առաջարկած «Բոլորին՝ բոլորի դիմաց» կամ «Երկուսին՝ երկուսի դիմաց» տարբերակներին, քանի որ դրանք խախտում են համաչափության սկզբունքը:
Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, խնդիրն ունի նաև մի կարևոր նրբություն՝ ադրբեջանցի դիվերսանտները դատապարտված են Արցախում և պահվում են Շուշիի բերդում, ուստի փոխանակման ցանկացած առաջարկ Բաքուն պետք է ուղղի նախևառաջ Ստեփանակերտին, քանի որ, ինչպես իրավացիորեն նշել է ՀՀ պաշտպանության նախարարը, նման որոշումը Ստեփանակերտի սուվերեն իրավունքն է:
«Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձի հարցը շարունակում է մնալ հայկական կողմի օրակարգում, և այդ խնդրի լուծումն առաջին հերթին դիտարկվում է հենց մարդասիրական միջազգային իրավունքի շրջանակներում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նույնպես մեզ հետ զրույցում հավաստիացրեց՝ եթե հաշվի առնենք հանգամանքը, որ երեք պատանդ ունենք Ադրբեջանի տարածքում, ապա այս իրավիճակում մեզ ավելի ձեռնտու է գերի ունենալ, քան սպանված զինծառայող միջդիրքային տարածությունում, որովհետև գերուն հնարավոր է փոխանակել ու խուսափել անցանկալի հանգամանքից, երբ գերին կարող է փոխանակվել ռազմական հանցագործներ հետ:
«Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը, ամբողջացնելով մեր երկու զրուցակիցների տեսակետները, ասաց ինքն անձամբ դեմ է, որ խաղաղ, մոլորյալ բնակչին փոխանակեն դիվերսանտ ահաբեկչի հետ: Նա նաև անհանգստություն է զգում, որովհետև մեր իշխանությունները, կարծես, կարող են թույլատրելի համարել այդպիսի փոխանակում:
«Բայց դա անթույլատրելի է, որովհետև դրանից հետո հետևում է մարդասպանների պարգևատրումը, և չի բացառվում է, որ նրանց կարող են հերոսացնել: Գերիների փոխանակման ծրագրով Ադրբեջանը փորձում է Ղարաբաղին դուրս թողնել գործընթացներից ու դա իրագործել Հայաստանի միջոցով: Եվ Արցախի իշխանությունները պետք է հայտարարեն, որ դա հենց Արցախի գործն է, Արցախի քաղաքացի է սպանվել»,- շեշտեց նա:
Հիշեցնենք՝ հայ գերիների ու ադրբեջանցի դիվերսանտների փոխանակման թեման ադրբեջանական կողմը կրկին թեժացրել է օրեր առաջ իր իսկ կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունից հետո, երբ ադրբեջանցի դիվերսանտներից մեկի դին մնացել է միջդիրքային տարածությունում: Իսկ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը հարևան երկրի ձեռագիրն է՝ նման իրավիճակներ ստեղծել պաշտոնական հանդիպումների նախաշեմին. այսօր Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպումից առաջ Ադրբեջանի կողմից նախաձեռնված սադրանքը, որը հաջողությամբ չեզոքացվել էր Արցախի ՊԲ կողմից, ևս մեկ անգամ վկայում է՝ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական գործելաոճը:
«Պահպանվում են իրավիճակի էսկալացիայի իրատեսական ռիսկերը: Այդ ռիսկերի նվազեցման տեսանկյունից բավական արդյունավետ կարող է լինել հայկական կողմի առաջ քաշած «Դուշանբե պլյուս»-ի կյանքի կոչումը. այն մի կողմից կապահովի Դուշանբեի պայմանավորվածությունների ինստիտուցիոնալացումը, մյուս կողմից՝ կստեղծի այնպիսի բովանդակային գործիքներ, ինչպիսիք են հետաքննության մեխանիզմը և մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը»,- ասաց նա:
Քաղաքագետը մեկնաբանեց նաև՝ հանդիպումից առաջ դեռ ենթադրելի էր, որ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելը կամ բանակցային գործընթացում ճեղքում արձանագրելն իրատեսական չէ, այդ ամենի համար չկան ո՛չ բավարար հիմքեր, ո՛չ՝ անհրաժեշտ միջավայր: «Բացի այդ՝ պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ Արցախը մտել է ընտրական գործընթացների փուլ, ինչը ևս, թեկուզ անուղղակիորեն, ազդում է բանակցային գործընթացի վրա»,- նշեց Մինասյանը:
Իսկ ահա Ալեքսանդր Մանասյանն ավելի սկզբից է գալիս ու պարզաբանում՝ վերելակային դիվանագիտության մասին ժամանակին առիթ ունեցել է ասելու՝ դա չի արդարանալու, որովհետև իշխանափոխությունից հետո ադրբեջանցի թուրքը չի սպասելու, թե ինչպես են զարգանալու դեպքերը, որ դրան համապատասխան վարք դրսևորի:
«Ադրբեջանի նպատակը մնում է նույնը՝ Արցախի (ու ոչ միայն) զավթումը, ու այդ իմաստով նրա բոլոր քայլերը պետք է իմաստավորենք, դիտարկենք այդ համատեքստում: Եթե սթափ գնահատենք իրողությունները, կտեսնենք, որ առաջադիմություն չկա, ու դա սպասելի էր, որովհետև Ադրբեջանը չի պատրաստվում փափկեցնել իր ռազմաշունչ լեզուն, ու չի բացառվում, որ դիվերսիոն նոր ակտեր լինեն»,- նշեց նա:
Մեր զրուցակիցն առանձնացրեց նաև հանգամանքը, որ իշխանափոխությունից հետո, կարծես, հայ-ռուսական հարաբերություններում երկխոսությունը զգուշավոր՝ միմյանց ստուգելու բնույթ է ընդունել: Շեշտեց՝ երբեմն այնպիսի բաներ ենք ասում Մոսկվային, որ դա կարելի էր այլ ձևաչափում ասել, իսկ նման բաները չեն վրիպում ադրբեջանցիների աչքից, ինչը հետագայում որպես սադրիչ հայտարարություն են օգտագործում:
Փաստորեն, Հայաստանի ու Ադրբեջանի արտագործնախարարների՝ բարձր մակարդակով հերթական հանդիպումն անպտուղ անցավ: Թեև «թավշյա» իշխանությունները խոստանում էին, որ վերելակային դիվանագիտությամբ հնարավոր է իրավիճակ փոխել, բայց մասնագետներն ու տեսաբաններն արձագանքում են՝ որևէ առաջընթաց չկա: Իսկ թե ինչպե՞ս կլուծվի ռազմագերիների փոխանակման հարցը, արդյո՞ք «որոշողները» հաստատակամ կլինեն՝ ահաբեկիչներին չարտահանձնելու առումով, այդքան էլ դյուրին չէ ասել: