կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 12:36
Քաղաքական

Առանց Արցախի մասնակցության` բանակցություններում անհնար է առաջընթաց ապահովել. Շավարշ Քոչարյան

Առանց Արցախի մասնակցության` բանակցություններում անհնար է առաջընթաց ապահովել. Շավարշ Քոչարյան

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով` բանակցություններում, առանց Արցախի մասնակցության, առաջընթացը անհնարին է: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Արցախի` Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում բանակցային մաս դառնալու մասին նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են խոսել: Այնպես որ` դա ակնհայտ էր, նույնիսկ` համանախագահների համար»,- ասաց Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ եթե կազանյան հանդիպումը բարեհաջող ավարտվեր, ապա այդ փաստաթղթին Արցախը ևս հավանություն պետք է տար, և երեք երկրները միասին կաշխատեին խաղաղության պայմանագրի վրա:

«Ես զարմանում եմ այս աժիոտաժի վրա: Ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, ավելին` քանի որ սեղանին դրված հարցերի մեծամասնությունը վերաբերում է հենց Արցախին, ապա առանց նրա մասնակցության առաջընթաց անհնարին է», - հայտարարեց Քոչարյանը:

Ըստ նրա` եթե Արցախն այժմ չի մասնակցում բանակցություններին, ապա դա պայմանավորված է զուտ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմամբ: «Մյուս կողմից` համանախագահները լավ գիտեն, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, և այն պահից, երբ հնարավորություն լինի առաջընթաց գրանցելու, այդ պահից Արցախը կմասնակցի: Այլ ձևակերպմամբ` Արցախի մասնակցել-չմասնակցելը լակմուսային թղթի պես ցույց է տալիս՝ արդյո՞ք Ադրբեջանը, իրոք, ձգտում է առաջընթացի բանակցային գործընթացում, թե՞ օգտագործում է ամբողջ գործընթացը իր ապակառուցողական քաղաքականությունը շարունակելու համար»,- ասաց Քոչարյանը: