Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը:Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից"
Ազգային ժողովի նախագահի տեղակալն իր ելույթում նշել է.
«Հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ողջունում եմ տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերով կոմիտեի 53-րդ նիստի բոլոր մասնակիցներին: Արդյունավետ և գրագետ տնտեսական քաղաքականությունը միշտ լուրջ երաշխիքներ է տալիս համագործակցող երկրների կողմից առավել բարենպաստ քաղաքականություն վարելու համար: Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր Վեհաժողովն այն կազմակերպություններից մեկն է, որտեղ վերոնշյալ գաղափարախոսությունը քննարկվում է անդամ-պետությունների կողմից, և հնարավորության դեպքում պետք է կիրառել վերջինիս իրականացման համար բոլոր անհրաժեշտ միջոցները: Վստահ եմ, որ մենք ունենք լավ հեռանկարներ մեր գործընկեր երկրների հետ ընդհանուր ծրագրերն իրականացնելու համար, սակայն դրանք լիովին չեն իրականացվում` որոշակի հանգամանքների լույսի ներքո: Այս ուղղությամբ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն և մեծ ուշադրություն պետք է հատկացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցության ձևաչափերին: Գործընկերներ, ինչպես ես, այնպես էլ, կարծում եմ, ներկաների մեծ մասը կուզենային Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը տեսնել որպես Սևծովյան համագործակցության կազմակերպության մասնակից-երկրների խորհրդարանականների միջև արդյունավետ համագործակցության հարթակ, այլ ոչ` թշնամանքի և քարոզչության վայր: Հարգելի գործընկերներ, կուզենայի անդրադառնալ Բաքվում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի հիսուներեքերորդ լիագումար նստաշրջանի նիստի ընթացքում Էլգար Գուլիևի կողմից արված հայտարարությանը: Պարոն Գուլիևը, Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության և քաղաքականության ոգով, ոչ միայն խեղաթյուրեց, այս ամբիոնն ինձ թույլ չի տալիս կիրառել առավել ստույգ բնորոշումը, իրավիճակն ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում, այլ նաև հանդես եկավ իմ երկրի դեմ պատերազմի սպառնալիքով: Սա ադրբեջանական կողմի ևս մեկ փորձ է` Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմ սկսելու իրավունքն իրեն վերապահելու համար: Մենք անընդունելի ենք համարում ինչպես մարդկանց կողմից իրենց ճակատագիրը որոշելու իրավունքը՝ որպես ագրեսիվ գործողություն ներկայացնելու փորձերը, այնպես էլ ագրեսիվ հակահայկական քաղաքականության պատասխանատվությունից խուսափելը, որը վերածվել է զինված ագրեսիայի Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ: Անիմաստ է նաև խաղաղ բնակչությանը սպանող դիվերսանտներին ներկայացնել որպես ռազմագերիներ: Ինչ վերաբերում է էթնիկ զտումներին, ապա պարոն Գուլիևը ցանկանում է ամբողջ մեղքն ուրիշների վրա բարդել: Աշխարհը հիշում է Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերը, որոնք խլեցին հարյուրավոր խաղաղ մարդկանց կյանքեր, ինչպես նաև Մարաղա գյուղում խաղաղ բնակչության կոտորածը: Հայկական կողմը չի հրահրել պատերազմը, որի հետևանքներից մեկը եղավ երկու կողմերից փախստականների հոսքը` այդ թվում՝ Ադրբեջանից փախած շուրջ 350 հազար հայերի: Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետևում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակը ոչ միայն Արցախի գրավումն է, այլ նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և նույնիսկ մայրաքաղաք Երևանի գրավումը: Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ նմանօրինակ հայտարարությունները չեն կարող նպաստել կողմերի միջև երկխոսությանը: Այս ուղղությամբ ուզում եմ ընդգծել, որ մեր երկիրը միշտ բարձր մակարդակով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնուամենայնիվ, մենք Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ շատ երկրներում խորհրդարանները հանդիսանում են հիմնական ժողովրդավարական ինստիտուտը՝ ազատ ընտրությունների միջոցով ժողովրդի կամքի մարմնացումը: Մենք կարող ենք վստահաբար ասել, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լիովին համապատասխանում են այս դրույթին: Մենք նաև վստահ ենք, որ ընտրություններն Արցախի Հանրապետությունում կընթանան ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան: Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները հաստատում են մեր վստահությունը: Մենք կարծում ենք, որ օրինական օրենսդիր իշխանությունը երկրի ժողովրդավարական զարգացման և խաղաղ քաղաքականության անհրաժեշտ տարր է: Հենց այս ամենը հիմք ընդունելով` մենք լիահույս ենք, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գործընկերների հետ գործակցությունը կլինի արգասաբեր»։