Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները նոր փուլ են թևակոխում, որի մասին են վկայում քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումները:
Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է դիրքավորվել` գալիք իրադարձությունների զարգացման ընթացքում շահած դուրս գալու համար:
Իրավիճակը հատկապես վճռորոշ է հիմնական իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, քանի որ առաջիկա քաղաքական զարգացումները ցույց կտան, թե այս ուժը որքանով է ամուր ներսից և որքանով է ընդունակ դիմագրավելու գալիք փորձություններին:
Իշխանությունների կոկորդին մնացած խնդիրներից ամենախոշորը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցն է, որի շուրջ տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ իշխող կուսակցության ներսում տարաձայնություններ կան:
Նույնիսկ խոսվեց այն մասին, որ վարչապետը դժգոհ է Ամուլսարի հարցում իշխանական պատգամավորների դիրքորոշումից և անգամ խոստովանել է, որ ինքը չի զգում նրանց կողմից աջակցության առկայությունը:
Իսկ վարչապետի վերջին ասուլիսը ցույց տվեց, որ վերջինս լիովին հակված է հանքի շահագործման օգտին, ուստի բացառված չէ, որ միջոցներ ձեռնարկվեն հանքի շահագործմանը դեմ հանդես եկող բնապահպանների և ակտիվիստների բողոքը ճնշելու ուղղությամբ:
Եվ դեպքերի նման զարգացումը արդյոք պարարտ հող չի՞ դառնա իշխանության ներսում նոր հակասությունների ծավալման համար:
Թվում էր, թե ՔՊ-ական պատգամավորների գործելակերպի շուրջ վարչապետի արտահայտած դժգոհությունից հետո իշխանական պատգամավորներն իրար հերթ չեն տա հիմնավորելու վարչապետի՝ հանքը շահագործելու հետ կապված դիրքորոշումը, սակայն ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը, վարչապետը, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, ստիպված է միայնակ իր ուսերի վրա տանել Ամուլսարի և մյուս խնդիրների հետ կապված բեռը:
Եվ գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ չի հաջողվում վարչապետին խորհրդարանում մեծամասնություն կազմող իր խմբակցության ներսում ամուր հենարան ստեղծել, որպեսզի ինքն ամեն անգամ անմիջականորեն իր վրա չվերցնի հարվածները, իսկ հարկ եղած դեպքում հենվի կայացած կուսակցական գործիչների վրա:
Թերևս ՔՊ-ում կուսակցական հենարանի բացակայությունը պայմանավորված է մի քանի գործոններով:
Նախ և առաջ՝ կարևոր է այն հանգամանքը, որ ՔՊ-ում, առավել ևս՝ «Իմ քայլը» խմբակցությունում չկա հստակ ընդգծված գաղափարախոսություն, իսկ յուրաքանչյուր կուսակցության ներսում դրա անդամներին առաջին հերթին միավորում է գաղափարախոսությունը:
Այսինքն՝ ՔՊ-ում կուսակիցները համախմբված չեն գաղափարի շուրջ, այլ ուղղակի մարդիկ են, որոնք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հայտնվել են այդ կուսակցության շարքերում:
Կարճ ասած՝ նրանք պատրաստ չեն կռիվ տալու գաղափարի համար:
Փխրուն իրավիճակը իշխանական կուսակցությունում պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ «իմքայլական» ցուցակով պատգամավորներ են դարձել այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն չեն պատկերացնում քաղաքական զարգացումների տրամաբանությունը, այլև հանրությանը լիովին անհայտ դեմքեր են:
Գումարած՝ այդ խմբակցությունը փաստացի հավաքածու է, որտեղ բուն «փաշինյանականներ» շատերին չես համարի: Այստեղ իրենց շահերն են առաջ մղում ու մղելու տարբեր ուժեր՝ սկսյալ, այսպես կոչված, «սորոսականներից» մինչև ՀԱԿ-ի ընդգծված թիմ:
Եվ ինչքան էլ այդ մարդիկ փորձեն հարցազրույցներ տալ և իրենց կարծիքը ընդունելի դարձնել հասարակության համար, միևնույն է, նրանք հանրության համար ընկալելի չեն։
Թերևս սա է պատճառը, որ իշխող ուժի որոշ պատգամավորների հայտարարությունները ավելի շատ խնդիրներ են ստեղծում վարչապետի համար, քան օգնում են:
Հաշվի առնելով այս փաստերը՝ կարող ենք նշել, որ իրավիճակը ՔՊ-ում, մեղմ ասած, բարվոք չէ, և ցանկացած պահի իշխող ուժի ներսում կարող են ցնցումներ տեղի ունենան: Եվ այս համատեքստում բացառված չէ, որ առաջիկայում այս կուսակցության ու հատկապես խմբակցության ներսում վերափոխումներ կատարվեն»,- գրում է թերթը: