կարևոր
4474 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-29 19:23
Հասարակություն

Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները

Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները

Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող, ինչպես նաև օրըստօրե ահագնացող գոյութենական և անվտանգային նոր մարտահրավերներն արդյունք են օրվա իշխանությունների վարած հակապետական և ապազգային քաղաքականության։ Ներկայիս վարչախմբի որդեգրած պարտվողական և արկածախնդիր ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում։

Նման պայմաններում, երբ արտաքին գործոններն են առավելապես պայմանավորում Հայաստանի միջազգային վարքագիծն ու ներքին օրակարգը, դիվանագիտությունն անխուսափելիորեն դառնում է պետականության պաշտպանման հիմնական բնագիծը։ Անկախ, ինքնիշխան, ամբողջական և կենսունակ պետության գոյությունը երաշխավորելու համար առաջարկում ենք իրատեսական լուծումների այնպիսի փաթեթ, որը հնարավորություն կտա կանգնեցնել միակողմանի զիջումների անվերջ շղթան և, միաժամանակ, ընկալելի կլինի միջազգային հիմնական դերակատարների համար։

Հայաստանն այս չափազանց բարդ վիճակից դուրս բերելու և հետագա անդառնալի կորուստներից զերծ պահելու համար անհրաժեշտ են հետևյալ անհետաձգելի քայլերը.

– Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն՝ զսպման ճկուն քաղաքականության որդեգրմամբ։ Դրան զուգահեռ, բնական ու իրավիճակային դաշինքների ձևավորումը դիտարկվում է որպես ադրբեջանա-թուրքական տանդեմին հակակշռելու իրական մեխանիզմ։

– Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման համար, որպես առաջնահերթություն, Արցախի հիմնահարցը վերստին ներառել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Հայաստանի Հանրապետության պարտավորությունն է հետամուտ լինել Արցախի ժողովրդի հավաքական և միջազգային երաշխիքներով ամրագրված, իրենց հայրենի բնօրրան վերադառնալու անքակտելի իրավունքին, բոլոր ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատմանն, ինչպես նաև Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիության ապահովմանը։

– Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից և ընդունված պրակտիկայից. 1) ուժի կիրառման և դրա սպառնալիքի կամ պարտադրանքի արդյունքում ձեռքբերված որևէ համաձայնության անընդունելիությունը և, 2) ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Միաժամանակ, պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխություն՝ մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։

– Համազգային ճգնաժամը հաղթահարելու համար կենսական անհրաժեշտություն է համահայկականության նոր բանաձևումը, որին հասնելու միակ ճանապարհ պետք է դիտարկել համահայկական ներուժի համախմբումը, ներհանրային հաշտեցումն ու համերաշխությունը։ Այս գործում անժխտելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, համահայկական կառույցների և Արցախի Հանրապետության օրինական իշխանությունների անփոխարինելի առաջնորդնությունն ու ակտիվ դերակատարությունը։

Վերոհիշյալ մարտահրավերներին դիմակայելու և առկա խնդիրների լուծումը կյանքի կոչելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման, որոնք հստակ հանձնառություն և պատասխանատվություն կստանձնեն տարածաշրջանում տևական կայունության և արժանապատիվ խաղաղության համար։

Հայտարարությունն ընդունվել է Դիվանագետների համահայկական խորհրդի կողմից անցկացված կլոր սեղան-քննարկման մասնակիցների կողմից:

29 ապրիլի, 2024 թ.
ք. Երևան