Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելով՝ Փաշինյանը փորձում է իր համար ընտրության ավելի մեծ հնարավորություն ստեղծել և, եթե ունի քավոր՝ նշանակել այդ պաշտոնին. Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս սցենարը չբացառեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած և առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը, որով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ, Հրանտ Մելիք-Շահնազարյանը բնորոշեց կարճ. «Ծառայություն Նիկոլ Փաշինյանի վարչակազմին»:
ԱԱԾ նոր տնօրենի պաշտոնի համար կանխագուշակություններ անել չցանկացավ, միայն արձանագրեց. «Տարբեր անուններ են շրջանառվում՝ մեկը մյուսից աբսուրդ, տեսնենք, ժամանակի ընթացքում այդ աբսուրդ տարբերակներից ո՞րը կընտրի Փաշինյանը»:
ՀՀ ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի մասին, որի անունը ևս շրջանառվում է իբրև հավանական թեկնածու, քաղաքագետն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ խնդիրներ են դրված և ինչ կարողություններ ունի Վաղարշակ Հարությունյանը, ես որևէ բան չեմ կարող ասել նրա մասին, բայց նա հատուկ ծառայությունների աշխատակից չէ, զինվորական է և ավելի տրամաբանական կլիներ նրան տեսնել բանակում: Ինչևէ, որոշում կայացնելու իրավունքը այսօր Նիկոլ Փաշինյանինն է»:
Պաշտոնից հրաժարվելուց առաջ Արթուր Վանեցյանի հայտարարությունը Հրանտ Մելիք-Շահնազարյանը շատ մտահոգիչ է համարում: «Երբ ԱԱԾ ղեկավարը նման գնահատականներով է հանդես գալիս, հասկանալի է, որ դա մեկ կամ երկու խնդրի պատճառով չէ: Ըստ երևույթին, ինչ-որ մի հարց դարձել է այն վերջին կաթիլը, որը ստիպել է ԱԱԾ տնօրենին լքել պաշտոնն ու հեղափոխական թիմը»,-արձանագրեց նա:
Քաղաքագետի համար այդ հայտարարությունն ու հրաժարականը լուրջ ցուցիչ են, որոնք նախ և առաջ խոսում են կուտակված սպառնալիքների մասին: Նաև այն մասին, որ սպառնալիքների լուծման՝ վարչապետի առաջարկված մեթոդները հակասում են սպայի արժանապատվությանն ու բոլոր այն սկզբունքներին, որոնք գոյություն ունեն զինվորականների և հատուկ ծառայություններում ընդգրկված մարդկանց շրջանում:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ևս մտածելու տեղ ունեն՝ սպայի արժանապատվության առումով:
«Վանեցյանի հայտարարության մեջ խոսվում է հախուռն կայացված որոշումների, առաջնայինը երկրորդականից չտարբերակելու՝ Փաշինյանի մոտեցման մասին: Պատճառների որոնման մեջ առաջին տարբերակով տեսնում եմ «Սասնա ծռերի» հետ վերջինիս հանդիպումը այն դրվագով, որ Օսիպյանը՝ երբ գերի էր հայտնի ահաբեկչական այդ խմբի մոտ, և հիմա վարչապետը քաղաքական համագործակցություն է սկսում ահաբեկիչների հետ, կարծում եմ, որ այստեղ արժանապատվության լուրջ հարց է առաջացել նաև Օսիպյանի համար»,-ասաց նա:
Շահարկումները, թե Արթուր Վանեցյանը նախկին իշխանությունների կադրն էր, քաղաքագետը արդարացված չի համարում. «Սոցցանցերում կարդում եմ՝ շատերը նրան ասում են, որ հեղափոխության զինվորներից է: Նաև՝ Վանեցյանը երկար ժամանակ ծառայել է ԱԱԾ-ում, նա կադրային սպա է, նման մարդկանց սխալ է ասել՝ այս կամ այն քաղաքական իշխանության ներկայացուցիչ»:
Վանեցյանը, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, ներկա իշխանության այն գործիչներից է, որն ունի և՛ բարձր վարկանիշ, և՛ հեղինակություն, այն բացառիկներից, որը հեղինակությունը վաստակել է ո՛չ Նիկոլ Փաշինյանի հաշվին, այլ իր իրականացրած աշխատանքի շնորհիվ: