Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նախաձեռնած Էներգաարդյունավետ համայնքների առաջին համաժողովի շրջանակում «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի և «Հայաստանի էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի» շնորհանդես- ընդունելությանը, որին ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ, «Հայաստանի Էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի» նախագահ Տարոն Մարգարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի ներկայացուցիչը, քաղաքապետեր և այլ հյուրեր:
ԵՄ Հարևանության ծրագրի արևելյան գործընկեր երկրներում իրականացվող ծրագրով նախատեսվում է Դաշնագիրը ստորագրած քաղաքների կարողությունների զարգացում, քաղաքների կողմից մշակված և Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված Կայուն էներգիայի գործողությունների պլանների (SEAR-ներ) իրականացման համար ֆինանսների ու վարկային միջոցների հայթայթում, նոր քաղաքների ընդգրկում և այլն:
Հայաստանի Էներգաարդյունավետ քաղաքների դաշինքը ստեղծվել է 2016 թվականի փետրվարի 26-ին՝ Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստի որոշմամբ: Դաշինքի ստեղծման հիմնական նպատակը ՏԻՄ-երի իրավասությունների շրջանակներում էներգաարդյունավետության, էներգաօգտագործման և այլ խնդիրների շուրջ ջանքերի համատեղումն է։
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում նախարար Դավիթ Լոքյանը կարևորել է ծրագրի իրականացումը համամարդկային կարևոր մարտահրավերներին, մասնավորապես, կլիմայական փոփոխություններին և էներգետիկ անվտանգությանը դիմագրավելու տեսանկյունից: «Մենք անխնա օգտագործում ենք ռեսուրսներ, արտանետում ենք ջերմոցային գազեր, որոնք փոխում են մեր երկրագնդի կլիման` բերելով բազմաթիվ շեղումներ, որոնք ուղղակի ազդեցություն ունեն երկրագնդի նոոսֆերայի վրա: Մարդկության կարևորագույն խնդիրն է դառնում ոչ միայն ֆինանսական,տնտեսական խնդիրներից ելնելով կարգավորել էներգախնայողությունը, էներգաարդյունավետությունը, այլև ապագա սերունդների անվտանգ, էկոլոգիական ապրելակերպը շարունակական դարձնելու հարցն ապահովել: Ես ողջունում եմ մեր քաղաքապետերին, ովքեր համարձակություն են ցուցաբերել մտնելու այնպիսի բեռի տակ, ինչպիսիք են էներգախնայողական գործառնական ծրագրերի կազմումը, որոնք մշտապես պետք է մոնիտորինգի ենթարկվեն Եվրոպական հանձնաժողովի, Եվրամիության, ինչպես նաև Հայաստանի համապատասխան փորձագետների կողմից»,- նշել է նախարար Դավիթ Լոքյանը:
«Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի և Հայաստանի էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի շնորհանդես-ընդունելության մասնակիցներին Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի համայնքների, Եվրոպական գործընկերների և աջակից բոլոր կառույցների արդյունավետ փոխգործակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ համեմատաբար կարճ ժամանակահատվածում կարձանագրվեն տեսանելի արդյունքներ։
Ամփոփելով` նախարար Դավիթ Լոքյանը շնորհավորել է շնորհանդեսի մասնակիցներին` «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի մեկնարկի և «Հայաստանի էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի» ձևավորման կապակցությամբ, մաղթել հաջողություն ծրագրի հետագա ընթացքին և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին համատեղ արդյունավետ աշխատանքով և փոխադարձ աջակցությամբ ծրագրում կընդգրկվեն նաև Հայաստանի մյուս քաղաքները: