կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-09 14:26
Քաղաքական

Չի բացառվում, որ մարդիկ դուրս են գալու փողոց, և դիմակայություն է սկսվելու. Վահան Բաբայանը՝ Ամուլսարի խնդրի մասին

Չի բացառվում, որ մարդիկ դուրս են գալու փողոց, և դիմակայություն է սկսվելու. Վահան Բաբայանը՝ Ամուլսարի խնդրի մասին

«Սասնա ծռեր»-ը Փաշինյանի վերջին հույսն էր, և այդ հանդիպումը կունենա իր հետևանքները հայ-ռուսական հարաբերություններում, քանի որ Վլադիմիր Պուտինի՝  Հայաստան այցից առաջ կառավարությունում ընդունել մարդկանց, որոնք առաջարկում են Հայաստանից դուրս հանել ռուսական զորքերը, երկրում արգելել ռուսական լրատվական ծառայությունները և այլն, բացահայտ դեմարշ է. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ անդրադառնալով օրերս կայացած Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպմանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որում նա նշում է, որ Ամուլսարի հանքի շահագործումը բխում է երկրի և տնտեսության  շահերից, և կոչ է անում ցուցարարներին՝ ապաշրջափակել հանք տանող ճանապարհը, նա նշեց, որ նմանատիպ մոտեցումները,  հասկանալի է, թե դա ինչ հետևանքներ են ունենալու, քանի որ մեծ քանակությամբ մարդիկ բազմիցս արդեն արտահայտվել են այդ խնդրի վերաբերյալ: «Ես չեմ կարծում, որ ձևական, շոու ծրագիր հիշեցնող՝ Ջերմուկի մի քանի բնակարաններ այցելությունների ժամանակ վարչապետը լուրջ հիմնավորումներ է բերել, որ չկա բնապահպանական վտանգ, այսինքն՝ չի բացառվում, որ մարդիկ դուրս են գալու փողոց, և դիմակայություն է սկսվելու, և սա լինելու է առաջին լուրջ խնդիրը, որին առնչվելու է վարչապետը: Ես վստահ եմ, որ Հայաստանը թևակոխելու է նոր փուլ, և այդ՝ թեժ կոչվող աշունն արդեն եկել է»,- նշեց Բաբայանը:

Պատասխանելով հարցին, թե ինչի՞ համար էր Փաշինյանի՝ այդ հակառուսական դեմարշը, նա կարծիք հայտնեց, որ դրա նպատակը ներքին քաղաքական խնդիրները կարգավորելն է և ցույց տալը, որ իրենք ունեն ևս մեկ հենարան, իսկ այդ հենարանը հայտնի է իր գործելաոճով: «Զոհրաբ Մնացականյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երկրի ներքին կյանքը կապ չունի արտաքին կյանքի հետ, և դա պարզապես ծիծաղելի հայտարարություն է: Եթե առաջին կուրսի ուսանողը նման բան ասեր, կարող է ընդունվեր, բայց ԱԳՆ ղեկավարը նշում է, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի գործը, և՛ ՍԴ-ի հետ կատարվող իրադարձությունները կապ չունեն արտաքին աշխարհի հետ: Դա նույնն է, երբ Պուտինին հայհոյելուց հետո Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ դա իրենց ներքին հարցն է, և  Ռուսաստանի հետ խնդիր չկա»,- ասաց Բաբայանը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին, ըստ նրա, իշխանությունները լռում են, նրանք հասկանում են, որ պետք է կատարեն ՍԴ որոշումները: «Այն մարդիկ, որոնք պնդում են, որ ՍԴ-ն ոչ լեգիտիմ է, նրանց պետք է հուշել, որ այս 1.5 տարվա ընթացքում նույն ՍԴ որոշումները, եզրակացությունները տարբեր թեմաների վերաբերյալ եղել են լեգիտիմ, իսկ երբ հերթը հասել է Ռոբերտ Քոչարյանի վճռին, դառնում են ոչ լեգիտիմ: Այդ նույն պրակտիկան կիրառվեց Արթուր Աբրահամի հետ կապված, երբ նա շնորհավորեց Քոչարյանին, սոցցանցերի ֆեյք օգտատերերը սկսեցին հայհոյել նրան, մոռացան, որ այդ մարդը հայ ազգի հպարտությունն է: Սա խոսում է հիպնոսացված մտածողության մասին, նաև՝ կազմակերպված ատելության և թույնի տարածման: Չնայած այդ դոզաները բավականին իջել են»,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով Մարտի 1-ին տուժածներին փոխհատուցում վճարելու մասին՝ կառավարության որոշմանը՝ Բաբայանն ընդգծեց, որ շատ լավ է, երբ պետությունը նման մտածելակերպ է ունենում՝ օգնել մարդկանց, որոնք տուժել են նման դեպքերում: «Իսկ ի՞նչ է հատկացրել կառավարությունը «Սասնա ծռերի» գործողություններից տուժած ոստիկանների ընտանիքին կամ այն մարդկանց, որոնք տուժել են 1991-98 թթ. տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների ժամանակ: Այս իշխանության խնդիրներից մեկն այն է, որ նրանք առաջին օրվանից մարդկանց բաժանում են յուրայինների և ոչ յուրայինների: Նրանք կտեսնեն, որ իրենց՝ թիմ կոչվածից շատերը նույնպես մեր նման են սկսելու մտածել: Իշխանություններն ապացուցեցին, որ իրենք կառավարելու, ղեկավարելու, ստեղծելու ունակություն չունեն, իրենց խնդիրը բաժանելն է, պառակտելը, տարանջատելը, և այդ բումերանգը կվերադառա իրենց»,- ասաց Վահան Բաբայանը: