կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-06 09:44
Հասարակություն

Անկարա-Բաքու-Թբիլիսի զորախաղերի ուղերձները

Անկարա-Բաքու-Թբիլիսի զորախաղերի ուղերձները

Սեպտեմբերի 2-ին Բաքվում մեկնարկեցին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի եռակողմ Eternity-2019 (Հավերժություն 2019) ամենամյա հրամանատարաշտաբային զորավարժությունները: Երեք երկրների զինված ուժերը զորավարժությունների ընթացքում իրականացնելու էին տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության ու անվտանգության ապահովման առաջադրանքներ։ Առհասարակ, «Հավերժություն 2019» զորավարժանքների նպատակն է տարածաշրջանում երեք երկրների մասնակցությամբ գործող տրանսպորտային ու էներգետիկ նախագծերի ու դրանց ենթակառուցվածքների անվտանգության ապահովումը։

Ի սկզբանե հարկ ենք համարում նշել, որ մեր հարևան երկրների մասնակցությամբ նմանատիպ եռակողմ զորավարժություններն ամենևին էլ նորություն չեն և կարծես դարձել են ավանդական։  

Կողմերն այս ուղղությամբ իրենց երկրների զինված ուժերի, առանձնացված ստորաբաժանումների միջև փոխգործակցության զարգացման, համատեղ գործողությունների արդյունավետության բարձրացման նպատակներով առավել ակտիվ սկսել են երկխոսել հատկապես վերջին տասնամյակում։ Այդ ժամանակահատվածի հետ է պայմանավորվում նաև երեք երկրների պաշտպանության նախարարների մակարդակով ամենամյա հանդիպումների շուրջ պայմանավորվածությունը։ 

Հիշեցման կարգով նշենք, որ 2009 թվականից Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զինված ուժերն անցկացնում են «Կովկասյան արծիվ» զորախաղերը: 2017 թվականի հունիսին Վրաստանի Վազիանիի ռազմաբազայում կազմակերպվեցին  «Կովկասյան արծիվ 2017» հերթական եռակողմ զորավարժանքները: 2018 թվականի նոյեմբերին Բաքվում կայացավ երեք երկրների ռազմական գերատեսչությունների պատասխանատուների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ռազմական համագործակցության խորացման նախագծերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև որոշում կայացվեց 3 երկրների զինված ուժերի մասնակցությամբ կազմակերպել համատեղ զորավարժություններ։ Ընթացիկ տարվա մայիսին Թուրքիայում անցկացվեցին «Էրջիյես-2019» զորավարժությունները, որոնց մասնակցում էին Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Պակիստանը:

2019 թվականի հունիսի կեսին Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացված՝ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հերթական հանդիպմանը Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հայտարարեց, որ ընթացիկ տարում Թուրքիան ու Ադրբեջանը անցկացնելու են համատեղ 13 զորավարժություն. 2018թ. նման 7 զորավարժություն են կազմակերպել։ Ըստ նախարարի՝  կողմերը զորավարժությանը մասնակցելու հրավեր ուղարկում են նաև Վրաստանին։

Զորախաղերի նպատակները. Թուրքիա

Այժմ փորձենք անդրադառնալ, թե հիմնական ինչ մեսիջներ են պարունակում եռակողմ այս զորավարժությունները։ Իհարկե, հասկանալի է ու ինչ-որ առումով տրամաբանական այն, որ զորավաժությունների անցկացման նպատակների ու դրված խնդիրների շուրջ պաշտոնական հայտարարություններն ու հավաստիացումները կարող են չհամընկնել իրական խնդիրների ու նպատակների հետ։ Իսկ որ դրանք առկա են և ակտիվորեն առաջ են մղվում, կարծում ենք, անհերքելի ճշմարտություն է։

Մեր հարևան երեք պետությունների միջև ռազմաքաղաքական փոխգործակցության հարցում առանձնակի պետք է կարևորել թուրքական գործոնը։ Այդ հարցում Անկարան իր առջև դնում է բազմանպատակային ռազմավարական խնդիր։ Ինչպես միջազգային, այնպես էլ հարավկովկասյան տարբեր հիմնահարցերում ու գործընթացներում Թուրքիայի իշխանությունները կարողանում են ճկունությամբ ու հմտորեն խաղացնել ռուսական գործոնը Արևմուտքի, արևմտյան գործոնը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Եթե օբյեկտիվորեն գնահատենք, սա իսկապես աշխատող մեխանիզմ է և շարունակում է Անկարայի համար տալ իր արդյունքները։

Այսպես՝ Հարավային Կովկասի երկու երկրների՝ Ադրբեջանի ու Վրաստանի հետ զորավարժանքների անցկացմամբ և, առհասարակ, եռակողմ ռազմաքաղաքական ձևաչափի զարգացմամբ Անկարան ձգտում է թուլացնել մեր տարածաշրջանում Մոսկվայի դիրքերը։ Ի պատասխան դրա, ռուսական կողմը ուժերի միջև հավասարակշռության պահպանման նպատակով մեծապես կարևորում է Հայաստանի հետ ոլորտում համագործակցության խորացումը։ Եվ չնայած հանգամանքին, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցությունը կարող է որոշակի ժամանակահատվածում ունենալ ռազմավարական նշանակություն, այդուհանդերձ, դա, ըստ էության, կրում է իրավիճակային բնույթ ու նշանակություն։ Ինչպես և ներկայում, երբ Վաշինգտոն-Անկարա քաղաքական հակասությունները դրդում են Անկարային խորացնել գործակցությունը Մոսկվայի հետ. բավական է հիշել Թուրքիային ռուսական արտադրության Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարաման հարցը։ Իսկ հարցի ռազմավարական առումով՝ Անկարան ու Մոսկվան մեր տարածաշրջանում շարունակում են մնալ հիմնական մրցակիցներ։

Մյուս կողմից, սակայն, Թուրքիան փորձում է, այսպես ասած, իր առանձին խաղը զարգացնել ինչպես Միացյալ Նահանգների հետ երկկողմ, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ իր ինստիտուցիոնալ հարաբերություններում։  Մասնավորապես՝ Թուրքիայում շահարկում են ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Վրաստանի քաղաքական մտադրությունը՝ ռազմական կառույցում Անկարայի դերը բարձրացնելու, ինչպես նաև Վաշինգտոնի հետ բանակցային առևտրում հավելյալ լծակ ունենալու նպատակով։ Հարցն իրապես ակտուալացել է վերջին շրջանում Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների լարվածության առումով՝ պայմանավորված Թուրքիային Ս-400 համակարգերի մատակարարմամբ։

Նույն տրամաբանությունը տեսանելի է նաև, եթե հարցին մոտենանք տարածաշրջանային գործընթացների պրիզմայով. Թուրքիան դիտարկում է  Հարավային Կովկասում նա՛և Արևմուտքի ազդեցությունը նվազեցնելու և տարածաշրջանն իր քաղաքական հովանու ներքո վերցնելու ցանկացած հնարավորություն։ Հասկանալի է դառնում, որ Թուրքիայի նկրտումներին զգալիորեն խոչընդոտում է Հայաստանը՝ փորձելով տարածաշրջանում պահպանել ուժային հավասարակշռությունը՝ Արևմուտքի, Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի ներգրավվածության ապահովմամբ։  

Ադրբեջան

Ի տարբերություն Թուրքիայի, Բաքուն Թուրքիայի ու Վրաստանի հետ եռակողմ զորավարժությունների անցկացումը դիտարկում է գերազանցապես հակահայկականության տիրույթում։ Եթե Անկարան այս ձևաչափային երկխոսության հարթակով իր համար լուծում է նախևառաջ միջազգային ու տարածաշրջանային լայն նշանակության ռազմաքաղաքական ու տնտեսական խնդիրներ, ապա Բաքվում կենտրոնանում են տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման, Հայաստանի նկատմամբ ռազմաքաղաքական ճնշումների բանեցման հարցերի վրա։ Իհարկե, եթե հարցին մոտենանք տվյալ համատեքստից դուրս, ապա հե՛նց Անկարան է Հայաստանի շրջափակման, մեկուսացման ռազմավարության հիմնական մշակողն ու  պատասխանատուն։

Մյուս կողմից՝ Ադրբեջանում փորձում են եռակողմ ռազմաքաղաքական համագործակցությունում մեծացնել հակահայկականության գործոնը՝ դա պայմանավորելով տարածաշրջանային հակամարտությունների՝ տարածքային ամբողջականության սկզբունքի ներքո կարգավորման տրամաբանությամբ։ Հասկանալի է, որ այդ մոտեցումն ընդունելի է Վրաստանի համար նույնպես՝ հաշվի առնելով վրաց-աբխազական, վրաց-հարավօսական հակամարտությունները։

Բաքուն նման մոտեցմամբ փորձում է հաճոյանալ նաև Թուրքիային. վերը հիշատակված հակամարտությունների կարգավորման սկզբունքի հարցում հակասելով Ռուսաստանի շահերին՝ Ադրբեջանը մեխանիկորեն նպաստում է տարածաշրջանում Թուրքիայի շահերի առաջմղմանը։ Այս ձևաչափում համագործակցությունը Բաքուն չի դիտարկում ուղիղ հակառուսական պրիզմայով, դա գլխավորապես կրում է միջնորդավորված բնույթ։

Վրաստան

Վրաստանը եռակողմ ռազմական ձևաչափը դիտարկում է երկու հիմնական հարթությունում. նախ՝ Թբիլիսին մեծապես կարևորում է ՆԱՏՕ-ին ինտեգրման ու անդամակցման ճանապարհին ռազմաքաղաքական համագործակցության խորացումը Դաշինքի կարևորագույն անդամ երկրներից մեկի՝ Թուրքիայի հետ։ Եվ երկրորդ՝ այդ քայլով Վրաստանը ձգտում է աստիճանաբար դուրս գալ Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության դաշտից, ինչպես նաև առհասարակ թուլացնել նրա դիրքերը Հարավային Կովկասում։

Պետք է նկատել, որ Անկարա-Բաքու-Թբիլիսի ռազմաքաղաքական ձևաչափով և մասնավորապես զորավարժությունների անցկացմամբ Վրաստանը թերևս չի հետապնդում ընդգծված հակահայկական նպատակներ։ Իհարկե, դա անուղղակիորեն ենթադրում է քայլեր, որոնք ուղղված են նաև Հայաստանի դեմ։ Այլ է հարցը, որ թե՛ Բաքվում, թե՛ Անկարայում տեղեկատվական-հոգեբանական հարթությունում փորձեր են կատարում խնդիրը հե՛նց այդ պրիզմայով արհեստականորեն մատուցելու ուղղությամբ։

Մյուս կողմից՝ անչափ կարևոր է արձանագրել այն փաստը, որ Թուրքիայի հետ ռազմաքաղաքական համագործակցությունն ամենևին էլ միանշանակ չի ընկալվում Վրաստանի քաղաքական վերնախավում։ Թբիլիսին ունի օբյեկտիվ ու հիմնավոր մտահոգություններ Վրաստանի ուղղությամբ Անկարայի տնտեսական, ռազմական ու քաղաքական ազդեցության ընդլայնման միտումների առնչությամբ։ Եվ վրացական կողմը քայլեր ձեռնարկում է Թուրքիայից տարբեր ոլորտներում Վրաստանի կախվածությունը հավասարակշռելու հարցում։   

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ