Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շենքի՝ հանրային սեփականություն հանդիսացող տանիքն ու նկուղը՝ ավելի քան 650 քմ տարածքով, աճուրդի են հանվել և վաճառվել կասկածելի անձի. Yerkir.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին Մամիկոնյանց 35/6 շենքի բնակիչները:
Նրանք վստահեցրին, որ գործարքը կատարվել է իրենց թիկունքում, որևէ մեկը տեղյակ չի եղել, և անակնկալի են եկել, երբ մեկ ամիս առաջ իրենց բակում հայտնվել է մի կին ու կողպեք տեղադրել տանիք տանող դռան վրա: Այդ կերպ արգելափակվել է դեպի վերելակի հոր տանող ճանապարհը: Բնակիչները ստիպված են եղել օրեր շարունակ չօգտվել վերելակից, քանի որ չեն կարողացել մոտենալ շարժիչին և վերացնել անսարքությունը, մի կին էլ մնացել է վերելակի մեջ, և չեն կարողացել դուրս բերել: Այդ տարածքով են անցնում ջրագծեր, հոսանքագծեր, կոյուղագծեր, և դա չէր կարող վաճառվել՝ ասում են բնակիչները:
Նրանք նաև անվտանգության հարց են բարձրացնում, քանի որ շենքի բնակարանների 60 տոկոսը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սեփականությունն է, որտեղ բնակվում են Հայաստանում ծառայող ՌԴ քաղաքացիներ, մյուս 40 տոկոսում ՀՀ քաղաքացիներ են: Բնակիչները չեն բացառում, որ այս հանգամանքը ևս կապ ունի գաղտնի առուվաճառքի հետ. գնորդի հետևում արևմտյան ճամբարին հարող ուժեր են տեսնում, որոնք այդ շենքը պատահական չեն ընտրել:
Շենքը 20 տարի առաջ կառուցել է «Դվին կոնցեռնը» և վաճառել բնակարանները: 10 տարի հետո, սակայն, երբ ընկերությունը սնանկացել է, սնանկության գործով կառավարիչը բաժնետերերի ընդհանուր ժողովում որոշում է կայացրել վաճառել շենքի տանիքն ու նկուղը, որը, սակայն, համարվում է հանրային օգտագործման տարածք և, բնակիչների համոզմամբ, ենթակա չէ վաճառքի: Նրանք հղում են անում «ՀՀ բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքին:
Բնակիչները միայն մեկ ամիս առաջ են պարզել, որ 2001 թ.-ից այդ տարածքը սեփականատեր ունի՝ «ՌԳՄ գրուպ» ընկերությունը, որն էլ աճուրդի է հանել իրենց նկուղի և տանիքի մակերեսը, բնակիչների խոսքով՝ առանց գույքագրման ու գնահատման: Աճուրդում նախ 67 միլիոն դրամով են առաջարկել վաճառել, ապա, աստիճանաբար նվազեցնելով, գինը հասցրել են 3 միլիոն 500 հազար դրամի: Բնակիչները սա համարում են գրոշներով գործարք, որի մասին իրենք տեղյակ չեն եղել, հակառակ դեպքում, հնարավոր է հենց իրենք էլ ձեռք բերեին տարածքը:
Փոխարենը այն գնել է Անուշ Մակիչյան անունով մի քաղաքացի և բնակիչներին առաջարկել գնել տարածքն այն գնով, որն իրեն 100 միլիոն դրամի եկամուտ կապահովեր: Բնակիչները հարցում են արել Կադաստրի պետական կոմիտե և պարզել, որ նույն կինն այդ կարգի խնդրահարույց այլ տարածքներ էլ է ձեռք բերել: Նրանք կասկածելի են համարում հանգամանքը, որ նման մեծ գործարքներ կատարող կինն ապրում է հանրակացարանում, և անվտանգության մարմիններին խնդրում են ստուգել նրա ինքնությունը:
35 բնակարանի բնակիչ Հրաչիկ Լալայանն ասում է. «Երբ ես 2002 թ.-ին եկա այստեղ, սելավաջուրը կտուրից լրիվ լցվեց տունս: Մենք՝ հարևաններով, ստիպված էինք տանիքը բաժանել մասերի, որպեսզի կարողանանք լրիվ ծախսերի տակից դուրս գալ: Վերևը լրիվ աղբ էր. մաքրեցինք, ամենքս մեզ համար տարածք ստեղծեցինք, որ կարողանանք համատեղ ուժերով կտուրը նորոգել: Եթե ասեին՝ սեփականատեր ունի, կասեինք՝ դու սեփականատերն ես, դե արի՝ սարքիր»:
36-րդ բնակարանի բնակիչ Վաղինակ Դալլաքյանը մտահոգություն է հայտնում. «Այդ տանիքը տեխնիկական տարածք է, ժամանակին մենք կենտրոնական ջեռուցում ենք ունեցել, ջեռուցման համակարգի գծերը այդտեղով են անցել, ոչ մեկն իրավունք չուներ դա սեփականաշնորհելու: Իսկ եթե աճուրդի էր դրվելու, ապա առաջին հերթին պետք է մեզ տեղյակ պահեին, բայց մենք տեղյակ չենք եղել»:
31-րդ բնակարանի բնակիչ Պետրոս Պետրոսյանն ասում է. «Տանիքից ես տարածք եմ վերցրել 2002 թ.-ին, որը եղել է անմխիթար վիճակում՝ կեղտոտ, շինարարական տարբեր տեսակի աղբ: Մաքրել եմ և օգտագործում եմ: Այսքան տարի հետո ինչ-որ մեկը եկել, ասում է՝ իմ սեփականությունն է: 18 տարի ես տնօրինել եմ, բայց որևիցե մեկը չի ասել՝ սա ինչ տարածք է»:
32-րդ բնակարանի բնակիչ Լևոն Արտեմյանը անվտանգության խնդիր է տեսնում. «Տանիքի բարձրությունը 2 մետր է՝ բնակելի տարածք լինել չի կարող: Իրենք գալիս են, սեփականության վկայականի բնօրինակը ցույց չեն տալիս, այդ պատճառով մենք կասկած ունենք: Այստեղ անվտանգության խնդիր կա, մենք չգիտենք՝ ովքեր են իրենք, թող անվտանգության մարմինները ստուգեն, տեսնեն: Կասկած ունենք, որ այդ կնոջ հետևում այլ մարդիկ կան, ինքը գալիս է, ոչ մի հարցի չի պատասխանում, ոչ մի բանի չի տիրապետում, ուզում ենք նկարել, թույլ չի տալիս: Գնելուց առաջ էլ ինքը ընդհանրապես տարածքը չի նայել: Սա խոսում է այն մասին, որ ամեն ինչ արվել է գաղտնի, և այստեղ կոռուպցիոն շղթա է գործում»: