|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ Կառավարության շենքի առջեւ տեղի ունեցավ Երեւանի Կոզեռն թաղամասի բնակիչների բողոքի ակցիան: Նրանք երկու օր առաջ կառավարությանից նամակ են ստացել, որտեղ յուրաքանչյուր տան համար որպես փոխհատուցում որոշակի գումար է առաջարկվել:
Այսօր էլ բնակիչներն էին իրենց բողոքի նամակը բերել` կառավարությանը հանձնելու:
Նամակը բնակիչների անունից կառավարությանը հանձնել է թաղամասի բնակիչ, «Համայնք եւ իրավունք» հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Մկրտչյանը: Նրան ընդունել է կառավարության Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ խոստացել երկու օրվա ընթացքում արձագանքել նամակին: «Վստահեցնող էր նրա խոսքը»,- ասաց Սամվել Մկրտչյանը:
«Մենք մեր տների համար փոխհատուցում ենք ուզում, քառակուսի մետրի դիմաց` քառակուսի մետրով, մեզ մեր տներից շատ չնչին գումարով հանում են, մենք գումար չենք ուզում, մենք մեր թաղամասում տուն ենք ուզում»,- հայտարարեց թաղամասի բնակչուհի Արմինե Միրզոյանը` ավելացնելով, որ իրենք արդեն յոթերորդ սերունդն են, որ ապրում են այդ թաղամասում եւ հեռանալ չեն ուզում:
Թաղամասի մեկ այլ բնակիչ` Սոնա Կարապետյանն էլ ասաց, որ կոնկրետ իրենց 54 քմ մակերեսով տան համար որպես փոխհատուցում առաջարկել են 20 հազար դոլարից էլ քիչ գումար: «20 հազար դոլարով մենք անգամ Չարբախում չենք կարող տուն առնել, մենք այսքան տարվա Կենտրոնի բնակիչ ենք, էդ գրոշներով որտեղի՞ց տուն առնենք»,- վրդովված ասում էր Սոնա Կարապետյանը: