կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-06 11:07
Հասարակություն

Որևէ միջնորդ չի կարող կանխել ԼՂ գոտում կրակահերթերը․ ռուս վերլուծաբան․ 168․am

Որևէ միջնորդ չի կարող կանխել ԼՂ գոտում կրակահերթերը․ ռուս վերլուծաբան․ 168․am

«168 Ժամ»-ը գրում է․ «ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի բռնկման դեպքում միջնորդները կհամախմբվեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա զարգացումներին։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում հակառակորդի ակտիվություն է նկատվում ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ հայ–ադրբեջանական սահմանին հուլիսի 27-ին  սրացում էր գրանցվել։ «Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող»,- հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։ Հաջորդ օրը հերթական ողբերգական դեպքն էր գրանցվել։

«ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւՊայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը»,- գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում և իր ցավակցությունը հայտնել Արմանի հարազատներին։

Նշենք նաև, որ նախորդ ամիս հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ էր արձակել նաև Նախիջևանի ուղղությունից։ Այս օրերին հայաստանյան մամուլում, համացանցում քննարկվում է, թե ինչու ՀԱՊԿ-ը դիրքորոշում չի հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում ինչպիսի դիրքորոշում կորդեգրի հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր լարվածության պարագայում։ Օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս անդրադարձավ իրավիճակին՝ հայտնելով Ռուսաստանի անհանգստությունը տեղի ունեցողի կապակցությամբ։

Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ չի փոխվել՝ ԼՂ հակամարտությունը հավերժական հակամարտություն է, և այս սերնդին չի հաջողվելու կարգավորել այն, քանի որ կողմերի ավանդական դիրքորոշումները, բանակցությունների ընթացքում առաջ քաշվող մոտեցումները երբևէ չեն խաչվում։

Նրա որակմամբ, և՛ հակամարտության հիմքում գտնվող սկզբունքների հարցում կողմերի դիրքորոշումներն են բախման մեջ, և՛ ընթացքում քննարկվող հարցերը, որոնց վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրը կարողանում է հիմնավորված բացատրություններ տալ։

«Այս ամենի հետևանքով կա ներկայիս իրավիճակը։ Համանախագահ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, հասկանալով այս ամենը՝ պետք է և ձգտում էին կարգավորել և վերահսկելի դարձնել դրությունը շփման գծում՝ այդ ուղղությամբ կողմերից կորզելով կայուն համաձայնություններ։ Սակայն սա ևս դեռ չի հաջողվում, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի ապագայում ևս, իսկ պարզապես կրակահերթերը ոչ մի միջնորդ, դիտորդ նման իրավիճակում, այդ թվում՝ Ռուսաստանը, կանխել ու վերահսկել չի կարող՝ ի տարբերություն պատերազմական գործողությունների։ Սրանում է կայանում այս հակամարտության բարդությունը։

Մեկ այլ հանգամանք է նաև այն, որ միջազգային հարաբերությունները ներկայումս բավականին խրթին են, և ԼՂ հակամարտության կարգավորումը, որպես գլոբալ օրակարգ, չկա ոչ մի միջնորդ երկրի արտաքին քաղաքականության մեջ։ Ուստի այն, որ կան կրակահերթեր, ինձ չի զարմացնում։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը չի հասնի պատերազմական գործողությունների։ Եթե նման բան ևս մեկ անգամ տեղի ունենա, ապա միջնորդները կմիավորվեն և այն կկանխեն, ինչպես 2016 թվականին։ Պետք է նաև հասկանալ, թե նման դիրքորոշումների պարագայում միջնորդներն ինչ կարող են անել, այդ հնարավորություններն անսահմանափակ չեն»,- ասաց Մալաշենկոն։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա Մալաշենկոն ասաց, որ դժվար է ասել, թե ՀԱՊԿ-ն ինչ դիտարկում է անում, որքանով է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին վտանգավոր ու ՀՀ ԶՈւ-ի կողմից անվերահսկելի դիտարկվում։

Նրա կարծիքով, մի շարք հանգամանքներ դիտարկվում են, և անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն արձագանքելու հարց կքննարկի։

«Թեև չի բացառվում, որ այդ հարցն ուղեկցվի տարաձայնություններով։ Այնուամենայնիվ, եթե ՀԱՊԿ անդամի անվտանգությունը ոտնահարվում է, սահմանները ենթարկվում են հարձակման, ապա ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի։ Բայց հարցն այն է, թե որքանով է ներկայումս իրավիճակն այդպիսին։ ԼՂ հակամարտության գոտում շատ հաճախ գրանցվող լարվածությունները, կրակահերթերը միշտ չէ, որ թույլ են տալիս գնահատել իրավիճակը ճիշտ կամ համարժեք»,- ասաց նա»։