կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-20 16:49
Քաղաքական

Գերմանիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. վերլուծաբան

Գերմանիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. վերլուծաբան

Արդեն տեղեկացրել ենք, որ Գերմանիայում իշխող կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված հանցագործությունները որպես ցեղասպանություն որակելու օգտին: Մոտ օրերս այս հարցը կքննարկի Բունդեսթագը:

 

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը, նշեց, որ դա ամենևին էլ անհավանական չէ: «Գերմանիան մի փոքր բարդ պետություն է: Ես չեմ կարծում, որ Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը կաշկանդում է, ասենք, իր մասնակցությունն այդ ոճրագործությանը: Դա ամենևին էլ այդպես չէ: Գերմանիան չափազանց խիզախ քայլ է կատարել՝ իր կողմից կատարված Հոլոքոստը ճանաչելու առումով, և այդ կապակցությամբ ես խնդիրը չեմ դիտարկում այդ համարձակության մեջ: Հարցը Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների մեջ է»,- ասաց նա:

 

Սաֆարյանի կարծիքով՝ Գերմանիայի մի քանի միլիոնանոց թուրքական համայնքը նույնպես ազդեցություն ունի, սակայն չի կարելի չարձանագրել, որ մի քանի գործոններ հույս են տալիս, որ զարգացումներն այլ ընթացքով կարող են գնալ: «ԵԺԿ վեհաժողովի՝ Ցեղասպանության ճանաչման մասին ընդունած բանաձևը, Եվրախորհրդարանի արած նման քայլը թույլ են տալիս ենթադրել, որ Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ և ազդեցիկ պետությունը, կարծես թե ինչ-որ նշաններ է ցույց տալիս, որ ինքը նույնպես կարող է ճանաչել Ցեղասպանությունը»,- ընդգծեց նա:

 

Ըստ Սաֆարյանի` ԵԺԿ-ում և Եվրոպայում Գերմանիայի ազդեցությունը բավական մեծ է, ուստի այդ կառույցները չէին կարող, Գերմանիային դեմ գնալով, նման որոշումներ ընդունել: «Նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ Քրիստոնեա-դեմոկրատականի անդամ են գերմանացիները: Նրանց ու կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումները համընկնում են: Կան բազում նշաններ, որոնք, համենայն դեպս, հիմք են տալիս մտածելու, որ Գերմանիան նույնպես կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց քաղաքական վերլուծաբանը՝ հավելելով. «Հռոմի պապի ելույթը, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը նշանակում են, որ Գերմանիան պարզապես չի առարկում այդ ամենին և դեմ չէ Ցեղասպանության ճանաչմանը: Մենք տեսանք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համաեվրոպական միտում կա: Գերմանիան էլ, որպես Եվրոպայի ամենաազդեցիկ պետություն, կարծես դեմ չէ դրան»:

 

Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ պետք չէ ասել, որ հարյուր տոկոս կանխատեսելի է Գերմանիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, որովհետև չի կարելի անտեսել նաև թուրքական լոբբիի և Թուրքիայի աշխատանքը: «Հուսանք, որ դրական միտումներ կան, որոնք չպետք է անտեսել և դրանք հիմք են տալիս այլ բան սպասելու ևս»,- եզրափակեց նա: