կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-18 13:18
Մշակույթ

Փարաջանովը միջնորդ է, միջնորդ` հեռավոր երկրներում հայերին ճանաչելու

Փարաջանովը միջնորդ է, միջնորդ` հեռավոր երկրներում հայերին ճանաչելու

Այսօր Թանգարանների միջազգային օրն է: Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի ֆոնդապահ Վիգեն Բարխուդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մեզ մոտ կամաց-կամաց ձևավորվում է թանգարան գնալու կուլտուրան:

 

Ըստ նրա` դրան է նպաստում նաև Թանգարանային գիշեր միջոցառումը. փորձը ցույց է տալիս, որ այդ օրը թանգարան այցելած մարդիկ տարվա ընթացքում կրկին այցելում են թանգարան: «Ամեն տարի Թանգարանային գիշերվա ընթացքում մենք 3000-4000 այցելու ենք ունենում: Միջոցառման նպատակը` թանգարանի ռեսուրսները ցույց տալ և նոր այցելուներ ունենալ, կարող եմ ասել, որ արդարացնում է իրեն»,- ասաց Բարխուդարյանը:

 

Թանգարանային գիշերը Փարաջանովի թանգարանն այցելուներին է ներկայանում մշտական ցուցադրությամբ: Բարխուդարյանը նշեց, որ ամեն տարի իրենք ինչ-որ միջոցառում էին կազմակերպում, սակայն այս տարի որոշել են ուղղակի իրենց հավաքածով ներկայանալ, քանի որ երկու օրերին էլ թանգարանը բազմամարդ է լինում, և արդյունքում` մարդիկ չեն իմանում` ինչ անել: Փարաջանովի թանգարանը տարեկան 13-15 000 այցելու է ունենում, այս թիվը, բարեբախտաբար, չի նվազում, բայց չի էլ ավելանում: Սա, Բարխուդարյանի կարծիքով, սոցիալ-տնտեսական պայմանների հետ է կապված. մարդիկ հոգսեր ունեն: «Կուզեի` մարդկանց հետաքրքրությունն ավելանար, մարդիկ մշակույթի հետ ավելի շատ առնչվեին»,- ասաց նա:

 

Բարխուդարյանը, խոսելով Փարաջանովի մասին, նշեց, որ նա աշխարհ էր եկել մեկ առաքելությամբ` ֆիլմ նկարահանելու, բայց, ցավոք, նրան այդպես էլ բախտ չվիճակվեց շատ ֆիլմեր ունենալ: «Ընդամենը 4 ֆիլմ նկարեց, որոնք, սակայն, դարձան համաշխարհային արժեքներ, գլուխգործոցներ: Նա կինոյի պատմության մեջ նոր ուղղություն մտցրեց` «պոետիկ կինո» կոչվածը: Փարաջանովը միջնորդ է, միջնորդ` հեռավոր երկրներում հայերին ճանաչելու համար»,- ասաց նա:

 

Ի դեպ, աշնանը թանգարանի որոշ ցուցանմուշներ կցուցադրվեն Բրյուսելում: