Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
ՀՅԴ երիտասարդական միություններ են գործում Արցախում, Հայաստանում և արտասահամանյան մի շարք երկրներում, մասնավորապես` Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, Կիպրոսում, Հունաստանում և այլուր: Այդ բոլոր երկրների Երիտասարդական միությունների փոխհամագործակցությամբ կազմակերպվում են բազմապիսի բարեգործական, ազգանպաստ միջոցառումներ, որոնք միայն մի նպատակ են հետապնդում. երիտասարդ սերունդներին ավելի մոտեցնել հայոց պատմությանը, ծանոթացնել Դաշնակցության հետ և այնպես անել, որ վաղվա երիտասարդությունն ավելի ազգանվեր ու հայրենասեր լինի:
Ամերիկայի արևմտյան շրջանի և Արցախի ՀՅԴ Երիտասարդական միությունների համատեղ ջանքերով Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում հուլիսի 22-ից մեկնարկեց պատանեկան ճամբար, որտեղ հաճախում էին շրջկենտրոնից և հարակից բնակավայրերից 9-ից 16 տարեկան 150 երեխա: Նրանց հետ աշխատում էին ԱՄՆ-ի արևմտյան շրջանից ժամանած 18 երիտասարդներ՝ պատասխանատու ընկեր Արամի գլխավորությամբ: Խումբն առաջնորդվում էր հատուկ ծրագրով, որում ընդգրկված էին երգի ուսուցման, անգլերենի, ինչպես նաև հայոց պատմության դասընթացներ: Անցկացվում էին նաև մտային խաղեր, մարզանք, սպորտային մրցույթներ: Ինչպես նշում են ճամբարի կազմակերպիչները՝ ճամբարի նպատակը ոչ միայն երեխաների ամառային հանգիստը բազմաբովանդակ կազմկերպելն է, այլև Արցախ – Սփյուռք կապերի, ազգային ավանդույթների ամրանդմանն է ուղղված, նրանց կազմակերպվածություն, ընկերասիրություն և կարգապահություն սովորեցնելը։ Այդպիսով յուրաքանչյուրը յուրովի մասնակցում է Արցախ աշխարհի շենացմանն ու բարգավաճմանը, քանզի քաջ գիտակցում է, որ դա է հզոր հայրենիք կերտելու ճշմարիտ ճանապարհը։
Ճամբարականները մեծ սիրով են ճամբար հաճախում և այդ օրվան սպասում են սրտատրոփ: Ուրախալի է, որ ուսումնական տարին ավարտելուց հետո դպրոցականներից հաճախակի էինք լսում՝ լինելու է այս ամառ ճամբար, թե ոչ, Լիբանանից են գալու, թե ԱՄՆ արևմտյան շրջանից: Ինչ խոսք սփյուռքահայ երիտասարդները սպասված և սիրված էին պատանի ասկերանցիների համար…
Ակնհայտ էր, որ Սփյուռքից ժամանած մեր երիտասարդներին հաջողվել է երեխաների ամառային հանգիստը բովանդակալից, հետաքրքրաշարժ կազմակերպել, նրանց մեջ սերմանել հայրենասիրական վեհ զգացմունքներ, ամրապնդել հայի պահանջատիրական ոգին: Երեխաները գիտակցում էին, որ հայ ազգի ձայնը պետք է լսելի դառձնեն ողջ աշխարհին՝ պահանջելով Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչումը:
Շփվելով Սփյուռքահայ երիտասարդների հետ՝ ավելի համոզվեցինք նրանց ընդգծված հայրենասիրության մեջ: Նրանք այնքա՜ն հպարտ էին, որ հայ են և այսօր գտնվում են Արցախի սուրբ հողի վրա, որտեղ այնքա՜ն անելիքներ ունեն անելու: Նրանց քաղցրահունչ արևմտահայերենը ավելի մտերմիկ էր դարձնում մեզ: Երիտասարդները, ովքեր 18-ից 22 տարեկան էին, մտածում էին հայերեն, խոսում էին հայերեն:
«Արցախը շատ գողտրիկ և անուշ երկիր է՝ իր չքնաղ և հեքիաթային բնությամբ: Մենք զմայլված ենք արցախցու հյուրասիրությամբ և բարությամբ: Այստեղ մենք ապահով և շատ ազատ ենք զգում մեզ, քանզի՝ հայության մեջ ենք, հարազատներով շրջապատված: Երեխաները շատ խելացի ու անաղարտ են, թեև՝ մի փոքր չարաճճի: Գոհ ու շնորհակալ ենք տեղի իշխանություններից, Արցախի ՀՅԴ ԿԿ-ից, ՀՅԴ Երիտասարդական միությունից և Ասկերանի շրջանային կառույցից, քանզի առանց նրանց աջակցության և փոխհամագործակցության հնարավոր չէր լինի այսպիսի մեծ գործ իրականացնել»,-իր տպավորությունները մեզ հետ կիսեց ընկեր Արամը, երբ ընկերների հետ եկել էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի հետ հանդիպման:
Օգոստոսի 2-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի բակում ճամբարի փակման հանդիսավոր արարողություն էր: Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչներ, ասկերանցիներ:
Բացման խոսքով հանդես եկավ Ամերիկայի արևմտյան շրջանից ժամանած երիտասարդական խմբի ղեկավար Արամ Մանուկյանը.
-Այս երկու շաբաթների ընթացքում մենք մեծ սիրով աշխատեցինք արցախցի փոքրիկների հետ, մոտիկից շփվեցինք և ծանոթացանք նրանց նախասիրություններին: Ինչքան կարողացանք, նրանց մեջ հայրենասիրությունն էլ ավելի ամրապնդեցինք և այսօր ձեր դատին ենք ներկայացնելու երգերի մրցույթը:
ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանն իր խոսքում ասաց.
-Արդեն բարի ավանդույթ է դարձել ՀՅԴ ուսանողական միությունների կողմից ճամբարների կազմակերպումը: Բարի առաքելությամբ տարբեր տեղերից տասնյակ երիտասարդներ այցելում են Արցախ և մեր երեխաների համար ամառային հանգիստ կազմակերպում: Նրանք դա անում են իրենց սեփական եկամուտների միջոցով, ինչին մենք տալիս ենք բարձր գնահատական:
Այս ճամբարը մեր միասնականության արտացոլումն է, որի պտուղները հետագայում ենք տեսնելու: Արդյունքում ունենալու ենք արժանի սերունդ, ով տեր է լինելու մեր հայրենիքին:
Կեցցե՛ք դուք, սիրելի երիտասարդներ, շնորհակալություն այս հայրենանվեր գործի համար:
ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ Սերգեյ Շահվերդյանի ելույթը հպարտությամբ էր շաղախված:
«Այս ամառ Արցախի չորս շրջաններում ՀՅԴ Ամերիկայի արևմտյան շրջանի, Լիբանանի և Արցախի ՀՅԴ Երիտասարդական միությունների միջոցներով կազմակերպվել են ճամբարներ: Բարի նախանձով եմ նայում այս ծրագրերին և ափսոսում, որ մենք այսպիսի հնարավորություններ չունեինք:
ՀՅԴ ԿԿ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր երիտասարդներին այսպիսի նախաձեռնությունների համար»,-ասաց Ս. Շահվերդյանը:
Ճամբարականները, որոնք բաժանվել էին երեք խմբերի՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն, հանդես եկան երգի մրցույթով: Հայրենասիրական երգերի շարանը մեծ ոգևորություն առաջացրեց ներկաների մոտ, յուրաքանչյուրը պատվեց հայրենի հողի հանդեպ մեծ սիրով և պարտքի զգացումով:
Հաղթող ճանաչվեց ծիրանագույնների խումբը, իսկ կարմիրներն ու կապույտները կիսեցին երկրորդ տեղը:
Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանն իր տպավորությունները կիսեց ներկաների հետ: Նա հայրենասիրության անգնահատելի դաս համարեց այս ճամբարը, քանզի այս 10 օրերի ընթացքում երեխաները մեծ հայրենասերներ դարձան: Դպրոցի տնօրենը ծնողների և ուսուցիչների կողմից շնորհակալություն հայտնեց ճամբարի կազմակերպիչներին:
Վերջում ճամբարի բոլոր մասնակիցները միասին նկարվեցին և իրար հրաժեշտ տվեցին՝ հաջորդ տարի կրկին հանդիպելու մեծ հույսերով:
aparaj.am