Մարդու իրավունքների պաշտպանին 2018-2019 թվականների ընթացքում հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ «Սանիթեք» ընկերության դեմ, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Մասնավորապես, ստացվել է 18 բանավոր բողոք, 48 գրավոր, և ևս 13 բողոք՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին:
Բողոքների մեծ մասում բարձրացված հարցերը վերաբերում են աշխատողների իրավունքների խախտումներին:
Ստացված բողոքներով բարձրացվել են հետևյալ խնդիրները.
- դիմողներին աշխատանքից ազատելուց հետո վերջիններիս հետ վերջնահաշվարկ չի կատարվել (25 գրավոր դիմում, 6 բանավոր բողոք, 3 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),
- դիմողներն ամենամյա արձակուրդ են գնացել, սակայն արձակուրդային գումար չեն ստացել, (12 գրավոր դիմում, 2 բանավոր բողոք),
- ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնված դիմողներին ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի վճարվել, (9 գրավոր դիմում, 2 բանավոր բողոք),
- դիմողները դժգոհություն են հայտնել «Սանիթեք» ընկերության իրականացրած աղբահանությունից և աղբամանների տեղադրման դիրքերից (1 գրավոր դիմում, 1 բանավոր բողոք, 3 բողոքթեժ գծի հեռախոսահամարին),
- դիմողներն ամիսներ շարունակ աշխատել են, սակայն աշխատավարձ չեն ստացել (3 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),
- աշխատանքից դիմողն ազատվել է, սակայն գործատուն ազատման հրամանը չի տվել (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),
- գործատուն չի փոխանցել աշխատող անձի մայրության նպաստը (1 բանավոր բողոք),
- աշխատանքի չներկայանալու համար գործատուն դիմողի աշխատավարձից 10.000 ՀՀ դրամի չափով պահում է կատարել (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),
- դիմողն աշխատում է իր առողջության համար վնասակար պայմաններում, գործատուն այլ տարածք չի տեղափոխում (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),
- դիմողը ցանկացել է ազատվել աշխատանքից, սակայն գործատուից ստացել է սպառնալիքներ (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),
- գործատուն ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել և հեռանալ (1 գրավոր դիմում),
- դիմողն ազատվել է աշխատանքից։ Ըստ բողոքի՝ անհիմն և բարձրացվել է նախկին աշխատանքում վերականգնվելու հարցը (1 բանավոր բողոք):
«Սանիթեք» ընկերության դեմ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների զգալի մասը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ ստացել են լուծում: