Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործող իշխանությունները չեն կարողանում իրականացնել դատաիրավական համակարգի արդյունավետ բարեփոխումներ, որովհետև, որպես այդպիսին, հայեցակարգ գոյություն չունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, ՀՅԴ անդամ Գևորգ Ղուկասյանը՝ նշելով, որ հայեցակարգի բացակայությունն այս իշխանությունների գործելաոճում նորություն չէ:
«Իշխանությունները պետական կառավարման տարբեր մարմիններին և ոլորտներին առնչվող իրենց քաղաքականությունը չեն հայեցակարգավորում, այսինքն՝ իշխանության գործունեությունը սկսվում և ավարտվում է քաղաքական հայտարարություններով, որոնք որևէ ակադեմիական ու վերլուծական հենք չունեն: Երկրորդ՝ Հայաստանում գործադիր և օրենսդիր իշխանությունները լծվել են դատական իշխանության նվաճման և յուրացման գործին: Հայաստանում արդյունավետ պետական իշխանություն չի կարող լինել, հատկապես` այն պատճառով, որ գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները միմյանցից անկախ չեն: Ընդ որում՝ դատական իշխանության նկատմամբ ճնշումներն աննախադեպ չափերի են հասել, ավելին՝ երրորդ հանրապետության պատմության մեջ դատական համակարգի նկատմամբ այսպիսի բռնաճնշումներ չեն եղել։ Մեր դատական համակարգը միշտ էլ աչքի է ընկնել խնդիրներով, և հիմա այդ խնդիրները լուծելու բանալիները և հայեցակարգերը պետք է գեներացվեն դատական համակարգում, օրինակ` ԲԴԽ-ն ունի նման լիազորություն և հնարավորություն: Այսինքն՝ օրենսդիր և գործադիր իշխանությունները չպետք է միջամտեն դատական համակարգի գործունեությանը»,- նշեց նա՝ հավելելով, որ իշխանություններն անցել են նաև Սահմանադրական դատարանի նվաճմանը, և որ ՀՀ դատական համակարգի շուրջ զարգացումները մեծ վնաս են հասցրել երկրի միջազգային հեղինակությանը: «Մենք ոչ մի լավ տեղ չենք հասնի, եթե ցանկացած իշխանություն փորձի ձևավորել սեփական դատական համակարգը»,- ասաց Ղուկասյանը:
Ըստ նրա՝ երբ գործող իշխանությունները խոսում են դատական համակարգի բարեփոխումներից, խոսքը միայն դատարանների մասին է, և շրջանցվում դատաիրավական համակարգը: Տպավորություն է ստեղծվում, որ այն մարմիններում, որոնք գտնվում են գործադիր իշխանության կառուցվածքում, որևէ խնդիր չի եղել և չկա, որ այդ իրավապահ մարմինների նկատմամբ 30 տարի վստահություն է եղել, և միայն դատարաններն են հասարակության շրջանում տարընկալումների տեղիք տվել: «Կարծում եմ՝ իշխանությունները խնդիրը պետք է դիտարկեն դատաիրավական համակարգի շրջանակում և բարեփոխումներ ձեռնարկեն իրավապահ այլ համակարգերում ևս»,- ասաց Գևորգ Ղուկասյանը: