Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին երկու տարում իրավապահ համակարգը լքել է շուրջ 2800 ծառայող՝ ընդ որում մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ։ Այս ցուցանիշը NEWS.am–ը ստացել է՝ ամփոփելով իրավապահ մարմիններում դիմումների հիման վրա աշխատանքից ազատման դեպքերը։ Համակարգից հեռացածների թիվը և ազատման պատճառները ներկայացնենք ըստ գերատեսչությունների։
Ոստիկանություն, ոստիկանության զորքեր
NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան, ոստիկանությունից հայտնեցին, որ 2018–ին իր դիմումի հիման վրա աշխատանքից ազատվել է 773, իսկ 2019-ին` 750 ծառայող, մինչդեռ 2017–ին նրանց թիվը եղել է 657, այսինքն վերջին երկու տարիներին ոստիկանական համակարգից հեռացել է 100–ով կամ 18%–ով ավելի ծառայող, քան դրանից առաջ։ Նույն ժամանակահատվածում ավելի մեծ թվով աշխատակիցներ սեփական դիմումի համաձայն ազատվել են ոստիկանության զորքերից. մասնավորապես 2017–ին ազատվել է 348, 2018–ին 585, իսկ 2019-ին` 315 աշխատող, այսինքն ազատվածների թիվը միայն 2018–ին 68%–ով ավելի է եղել, քան 2017–ին։ Այս ցուցանիշների կտրուկ փոփոխություններն, ամենայն հավանականությամբ պայմանավորված են 2018–ին տեղի ունեցած իշխանափոխության և դրան հաջորդած անցումային շրջանի հետ, իսկ Ներքին զորքերի դեպքում նաև ծառայության վայրի փոփոխության հետ։ Նշենք, որ ոստիկանության, ոստիկանության զորքերի թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները դասվում են գաղտնի և հույժ գաղտնի տեղեկությունների շարքին և հրապարակման ենթակա չեն, ուստի ստացված տվյալները հնարավոր չէ համադրել ոստիկանների թվի հետ։
Քննչական կոմիտե
Վերջին երկու տարում ավելացել է նաև համակարգից հեռացող քննիչների թիվը։ NEWS.am–ի հարցմանն ի պատասխան ՔԿ–ից հայտնեցին, որ 2017-2019թթ. ընթացքում իր գրավոր դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում զբաղեցրած պաշտոնից ազատվել է 207 ծառայող, որից 59-ը՝ 2017–ին, 82–ը՝ 2018–ին, 66–ը՝ 2019–ին։ Քննիչների՝ աշխատանքից ազատման պատճառները տարբեր են, սակայն նրանց հիմնական մասը համակարգից հեռացել են ծանրաբեռնվածության պատճառով. կան քննիչներ, որոնք իրենց վարույթում ունեն մոտ 30 քրեական գործ, ինչը նշանակում է, որ ստիպված են աշխատել գերծանրաբեռնված գրաֆիկով։ Նշենք, որ ՔԿ–ում ներկայումս աշխատում է 736 քննիչ, սակայն ինչպես հավաստիացնում են ոլորտի պատասխանատուները, քննիչների հաստիքներն ավելացնելու կարիք կա։ ՔԿ–ից մեզ տեղեկացրին, որ վերջին երեք տարում ՀՀ քննչական կոմիտում հաստիքների թիվը չի ավելացել, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հաստիքներ կրճատվել են, սակայն նույն քանակով սահմանվել են հավասարազոր կամ ավելի բարձր հաստիքներ արդեն իսկ գործող կամ նոր ստեղծված ստորաբաժանումների կազմում, որի արդյունքում զբաղեցրած պաշտոնից որևէ մեկը չի ազատվել։
Հատուկ քննչական ծառայություն
Հատուկ քննչական ծառայությունը իրավապահ մարմինների համակարգում համեմատաբար երիտասարդ կառույց է։ Այստեղ են քննվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց մասնակցությամբ կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերը: ՀՔԾ–ից ստացված տվյալների համաձայն՝ 2017–ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է հատուկ քննչական ծառայության 8, 2018–ին` 5, իսկ 2019–ին` 6 ծառայող, այսինքն վերջին երկու տարիներին ավելի քիչ թվով ծառայող է ազատվել աշխատանքից, քան դրանից առաջ։ Այս կառույցում աշխատող քննիչների ծանրաբեռնվածության աստիճանը նկարագրելու համար, հրապարակենք մի ուշագրավ ցուցանիշ. ըստ ՀՔԾ պաշտոնական կայքէջում հրապարակված տարեկան հաշվետվության՝ միայն նախորդ տարի ՀՔԾ–ում քննվել է շուրջ 700 քրեական գործ։ ՀՔԾ քննիչների թիվն ըստ մեր ունեցած տվյալների` շուրջ 40 է, որոնցից միայն մի մասի վարույթում են քննվում այդ գործերը. յուրաքանչյուր քննիչի տարեկան միջինը բաժին է ընկնում 25-28 գործ, ընդ որում՝ խոսքը մեծածավալ և բարդ քրեական գործերի մասին է։ Ի դեպ՝ վերջին երկու տարում ՀՔԾ քննիչներն այնպիսի ծանրաբեռնվածության տակ են հայտնվել, որ որոշ գործերով ստիպված են եղել քննչական խմբերում քննիչներ ընդգրկել նաև ՀՀ քննչական կոմիտեից ու ԱԱԾ քննչական դեպարտամենտից։ Հիշեցնենք, որ ՀՔԾ–ում են քննվել նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, ինչպես նաև այլ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց առնչվող աղմկահարույց քրեական գործերը։ Ինչ վերաբերվում է տվյալ գործերի պատշաճ կամ արդյունավետ քննությանը, ապա դրա գնահատականը կարող են տալ կոնկրետ գործերով ներգրավված փաստաբանները, իրավապաշտպանները, իսկ նախաքննության ընթացքում թույլ տված խախտումների, ոչ պատշաճ քննության և այլ թերացումների մասին իրավաբաններն ահազանգում են գրեթե ամեն օր։
Գլխավոր դատախազություն
Դատախազությունում նույնպես վերջին երկու տարիներին ավելի քիչ թվով ծառայող է ազատվել, քան դրանից առաջ։ Այսպես. դատախազությունից ստացված տվյալների համաձայն՝ 2017–ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 130 աշխատակից, որից 37–ը դատախազ, 2018–ին 97 աշխատակից, որից 23–ը դատախազ, 2019–ին 87 աշխատակից, որից 28–ը դատախազ։ Նշենք, որ իրավապահ կառույցներից դատախազությունը միակն է, որի ղեկավարը իշխանափոխությունից հետո չի փոխվել, ավելին, դրանից հետո սահուն կերպով լծվել է նոր իշխանությունների որդեգրած՝ «ժողովրդից թալանածը հետ բերելու», այս կամ այն քրեական գործով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին առաջադրված մեղադրանքները պաշտպանելու և կալանքի տակ պահելը հիմնավորելու գործին։ Ինչպես քննչական մարմիններից, այնպես էլ դատախազությունից շատ դեպքերում աշխատանքից ազատվում են անթիվ–անհամար քրեական գործերից «ճկռած» դատախազները՝ անցնելով այլ՝ գլխացավանքից հեռու աշխատանքի։
Ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանը 2018թ. օգոստոսին հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ։ Ըստ Վանեցյանի` անցած տարիների ընթացքում ԱԱԾ֊ն մշտապես կադրերի ներգրավման խնդիր է ունեցել, մինչդեռ Թավշյա հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում՝ մայիս, հունիս և հուլիս ամիսների ընթացքում 7000 քաղաքացուց դիմում է ստացվել աշխատանքի ընդունվելու համար։ ԱԱԾ նախկին տնօրենի գնահատմամբ՝ 1991 թվականից մինչև 2018–ը այդքան դիմում չէր ստացվել։ NEWS.am–ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ պարզելու արդյոք ներկայումս ԱԱԾ–ն ունի կադրերի ապահովման խնդիր։ Մեր այն հարցմանը, թե քանի՞ ծառայող է ազատվել աշխատանքից վերջին երեք տարիներին, ԱԱԾ–ից հրաժարվեցին պատասխանել՝ մանրամասնելով.
«Ձեր կողմից հայցվող տեղեկությունը ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով հաստատված գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկի համաձայն՝ հրապարակման ենթակա չէ։ Հրամանը «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի համաձայն ունի գաղտնիության համապատասխան դրոշմագիր»։
Այնուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով՝ վերջին տարիներին ԱԱԾ–ից ազատված աշխատակիցների թիվը մեծ չէ։ Այս ընթացքում ԱԱԾ–ում սահմանափակվել են վերին օղակներում պաշտոն զբաղեցնող անձանց փոփոխություններով։
Ինչևէ, ամփոփելով ստացված տվյալներն ու վերլուծելով իրավապահ կառույցներից աշխատանքից ազատման պատճառները, արձանագրենք, որ համակարգից կադրային արտահոսքը մեծամասամբ պայմանավորված է իշխանափոխությանը հաջորդած կադրային քաղաքականությամբ՝ նախկիններին յուրայիններով փոխարինելու հին և «ընդունված» պրակտիկայով։ Երբեմն «իր դիմումի համաձայն» հիմնավորման տակ համակարգից հեռացնում են նրանց, որոնք հրաժարվել են հարմարվել «խաղի նոր կանոններին» կամ նրանց, որոնց վախեցրել են «կոռուպցիոն բացահայտումներով»։ Ազատման հարցում հաճախ մեծ դեր է խաղացել ծանրաբեռնված աշխատանքն ու դրան ոչ համարժեք վարձատրությունը, իսկ որոշ դեպքերում սեփական նախաձեռնությամբ համակարգը լքել են այն ծառայողները, որոնք սկզբունքորեն հրաժարվել են օրենքը բանեցնել «ի շահ պետության»։
Իհարկե, իրավապահ համակարգում թափուր հաստիքները համալրվել և համալրվելու են, սակայն արձանագրված ցուցանիշները վկայում են, որ համակարգի նվիրյալ լինելը, ցավոք, կապված է տվյալ պահի իշխանության հետ, իսկ «օրգանի աշխատող» կոչվելը արդեն վաղուց պահանջված կարգավիճակ չէ։
Թագուհի Մելքոնյան