կարևոր
1870 դիտում, 1 ամիս առաջ - 2024-04-15 14:40
Հասարակություն

«Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայր

«Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայր

Ժամկետային զինծառայող 19-ամյա Հովսեփ Համբարձումյանը օրերս Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում եղած 20 վիրավորներից մեկն է: Նա եղել է ավտոմեքենայի ղեկին:

Հովսեփի մայրը՝ Անժելա Շեգիկյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդու վիճակն այս պահին դեռ անորոշ է, ծանր է, ողնաշարի խնդիր ունի, կողոսկրերը կոտրված են, ոտքն ամբողջովին գիպսի մեջ է:

«Գիտակցությունը տեղն է, խոսում է, բայց դեռ պետք է ողնաշարի վիրահատություն արվի, ողերը կոտրված են:

Մեքենան անսարք է եղել, արգելակները չեն աշխատել, 5 տարի այդ մեքենան չի քշվել: Անգամ մեքենայի մեջ ճնճղուկների բույն են գտել: Թող իրենց երեխեքին տանեն, նստացնեն էդ անսարք մեքենան ու ասեն՝ վարի:

Մեքենայի մեջ երկու վաշտի զինվորներ են եղել, մինչդեռ 16 հոգուց ավելի չի կարելի այդ մեքենայով տեղափոխել: Մոտ 30 հոգի երեխա է եղել մեքենայում:

Տղաս ասել է մեքենան հազիվ եմ խոդ տվել, չհանգցնեմ, գոռացել են, ասել են՝ հանգցրու, երկար ենք մնալու: Դիքի վրա կանգնեցրու, որ ինքն իրեն խոդ ընկնի: Դրա համար էլ ոչ արգելակն է պահել, որ ռուչնոյն է պահել:

«Տղաս այդ անսարք մեքենան առաջին անգամ է նստել: Ինձ ասում էր՝ անսարք մեքենան տվել են ինձ, ես էլ ասել եմ՝ հանկարծ չքշես: Ինքը դիրքերում է եղել: Եկել է, նստացրել են մեքենան, ասել են՝ հանի պոստեր, հաց տար, որ իջեցնես: Հացը տարել է, հետ գալուց լցվել են բոլորով»,- ասաց մայրը:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կա 4 զոհ: Վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։

ՊՆ-ն հրապարակել է մահացած զինծառայողների անունները: Նրանք են՝

Արեգ Արմենի Քերոբյան,

Սլավիկ Վարդանի Վարդանյան,

Դավիթ Համբարձումի Հակոբյան,

Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։

ՊՆ-ից հայտնում են՝ տուժած 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ թեթև վնասվածքներ ստացած 7 զինվորները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն:

Քնչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հոդվածով: Այս տարվա չորս ամիսներին բանակում խաղաղ պայմաններում 10 զինծառայող է մահացել։