«ԱԼԻՔ» - Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմը, երկուշաբթի, յուլիսի 15-ին, ցուցադրւել է Սպահանի «Սիթի-սենթեր»-ի կինոդահլիճում, որտեղ ցուցադրութեանը յաջորդել է Մոստաֆա Էսմայիլիի հանդիսավարութեամբ ֆիլմի ռեժիսորի հետ դէմ առ դէմ զրոյց:
Անահիտ Աբադը զրոյցի մեկնարկին նշել է, որ սցենարը պատրաստ լինելուն պէս այն առաջինը տեսել է ինքը՝ Զաւէն Ղուկասեանը: «Զաւէնը սցենարն ընթեր- ցելուց յետոյ, ասաց. «Անօ, ոնց ես նկարելու էս ֆիլմը»,-նշել է Անահիտ Աբադը յաւելելով, որ այժմ ֆիլմը պատրաստ է, ու ցաւօք, Զաւէնը մեզ մօտ չէ...
Նա նշել է նաեւ, որ ֆիլմի պատմութեան գաղափարը ծնւել է շուրջ 20 տարի առաջ, իսկ մինչեւ գործի անցնելը շատ քիչ բան է փոխւել այնտեղ, քանի որ այս ընթացքում հիմնական ուղղւածութիւնը մնացել է նոյնը:
Իրանահայ ռեժիսորը խօսելով Իրան- Հայաստան համատեղ ֆիլմարտադրութեան մասին, նշել է, որ Իրանի կինօն իր իւրայատուկ դիրքն է զբաղեցնում համաշխարհային ասպարէզներում, ինչը, սակայն շարունակում է անմաս մնալ իրեն վայել եւ համապատասխան շուկայից: «Համատեղ նախագծերի իրականացումը, յատկապէս Հայաստանի պէս երկրի հետ, կարող է Իրանի ֆիլմարւեստին տալ շուկայական հնարաւորութիւնների լայն ասպարէզ, ինչի առաջին քայլն արդէն իսկ «Եւա» ֆիլմով կարելի է համարել արւած: Իսկ նկատելի էր, որ Իրանի կինոյի հետ համատեղ աշխատելն ու նախագիծ իրականացնելը հայաստանեան կողմի համար նոյնպէս գրաւիչ էր ու սպասւած»,- ընդգծւած նշել է Անահիտ Աբադը:
«Եւա» ֆիլմի քննարկմանը նւիրւած նիստի ընթացքում նա նշումներ է կատարել կերպարների, ֆիլմի երաժշտութեան, պատմութեան մէջ սրութիւն մտցնելու եւ այլ ընտրութեան գնալու մասին, եւ նշել, որ իւրաքանչիւր յատկանիշ օգնեց, որ ֆիլմը սահմանազատւի ազգային ինքնութեան յատկանիշերից ու ներկայացնի համամարդկային ու համընդհանուր ցաւը:
«Այստեղ՝ ֆիլմում, կերպարները քչախօս են, քանի որ հաւատացած եմ ֆիլմը էկրանին երեւալու համար է, այնպէս, որ աչքերը փակելու դէպքում հնարաւոր չլինի լսել ու հասկանալ պատմութիւնը»,- անդրադառնալով դիալոգների սակաւութեանը,- նշել է ռեժիսորը: