կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-11 14:30
Հասարակություն

Մարինա Խաչատրյանը Լյուսի Քոչարյանի հրապարակումների հարցով ոստիկանություն է դիմել

Մարինա Խաչատրյանը Լյուսի Քոչարյանի հրապարակումների հարցով ոստիկանություն է դիմել

Որոշ մարդիկ ներկայացնում են, թե Ստամբուլյան կոնվենցիան լավ բան է` այն բռնությունից է պաշտպանելու, մյուս կողմից, սակայն, կան ադեկվատ մարդիկ, որոնք բարձրաձայնում են, թե ինչ է բերելու կոնվենցիան, եթե վավերացվի. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, Երևանի ավագանու նախկին անդամ  Մարինա Խաչատրյանը:

Մինչ կոնվենցիայի հիմնադրույթներին անցնելը, նա անդրադարձավ Հանրային ռադիոյի լրագրող Լյուսի Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումներին. լրագրողը  բռնաբարության  մասին անանուն պատմություններ է ներկայացնում` «բռնության ձայնը» հեշթեգով:

Մարինա Խաչատրյանի համոզմամբ` այդ պատմությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ  պոռնկագրական բովանդակությամբ նյութեր, և այդ հարցով նա դիմել է ոստիակնություն, ի տարբերություն այն պաշտոնյաների, օրինակ` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, որոնք տարատեսակ մեկնաբանություններ են թողել գրառումների ներքո:

«Եթե կան այդ նամակները, եթե համապատասխանում են իրականությանը, ապա թող իրավապահ մարմինները բացահայտեն դրանց իսկությունը: Ես այդ գրառումներում բազմաթիվ խնդիրներ տեսա, որոնք պատժելի են Քրեական օրենսգրքով: Դրանցից առաջինն այն  է, որ Լյուսին նշում է, թե կոնկրետ ում հետ ինչ արվեց, որտեղին դիպավ: Եթե ասում են, որ բռնություն է եղել, բայց այդ բռնության համար ոչ ոք պատիժ չի կրել, քանի որ համապատասխան օրենքներ չունենք, ապա ուզում եմ հակառակն ասել` մեր օրենսդրությունը կոնկրետ կետերով դատապարտում է բռնությունը թե՛ սեփական կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու, թե՛ հոգեբանական բռնության և այլնի մասով: Օրենքների բացակայությանը հղում անելը էժան մանիպուլյացիա է»,- նշեց նա, ապա հավելեց. «Այդ աղջիկն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ երկու օրվա ընթացքում ավելի քան 200 նամակ է ստացել: Եթե այդպես է, թող իրավապահները պարզեն` ովքեր են եղել: Մեկ այլ հարցազրույցի ժամանակ էլ նա ասել է, թե ոստիկանություն չի ցանկանում դիմել, և այդ պատմություններն իր համար ուսումնասիրության բազա են: Այսինքն` հանցագործություն է պարտակում ու անունն ուսումնասիրությո՞ւն դնում»: