կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-25 11:26
Մշակույթ

Կյանքից հեռացել է ամերիկահայ դաշնակահար Լյուսի Իշխանյանը

Կյանքից հեռացել է ամերիկահայ դաշնակահար Լյուսի Իշխանյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ կյանքի 80-րդ տարում վախճանվել է ամերիկահայ անվանի դաշնակահար, խաչատրյանագետ Լյուսի Իշխանյանը։

 

Լյուսի Իշխանյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն էր, «Սթեյնվեյ արթիսթ» գործակալության անդամ։ Դաշնակահարը սովորել է «Ջուլիարդում» /ԱՄՆ/՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճան, ապա ուսումը շարունակել Կոլումբիայի համալսարանում:

 

Լյուսի Իշխանյանը եղել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի սանը: Կոմպոզիտորը Իշխանյանին բնորոշել է որպես տաղանդաշատ արտիստի՝ օժտված փայլուն տեխնիկական տվյալներով և միաժամանակ երաժշտական զգացողության խորությամբ: Լ․ Իշխանյանը եղել է Արամ Խաչատրյանի դաշնամուրի սոնատի առաջին կատարողը /Նյու Յորքի «Էվերի Ֆիշեր Հոլլ» համերգասրահ/:

 

Իշխանյանն իր յուրաքանչյուր համերգում մշտապես ներառել է առնվազն մեկ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն: 1991-ին Լյուսի Իշխանյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շնորհալի դաշնակահարների համար սահմանել է հատուկ կրթաթոշակ: Նա նաև աջակցել է Ջուլիարդի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջև համագործակցությանը: 1992-ին Լ․Իշխանյանը Ջուլիարդում հիմնել է հատուկ կրթաթոշակային հիմնադրամ, որն աջակցել է երևանյան կոնսերվատորիայից Ջուլիարդում ուսանելու տեղափոխված ուսանողներին: