կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-10 17:15
Իրավական

Սահմանադրական դատարանը հրապարակել է Քոչարյանի գործով դատավորի դիմումի հիման վրա որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է Քոչարյանի գործով դատավորի դիմումի հիման վրա որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ աշխատակարգային որոշումը։

ՍԴ–ն որոշում է կայացրել դատավորի դիմումում ներկայացված երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության: Քրեական օրենսգրքի հենց այս հոդվածի հատկանիշներով է «Մարտի մեկի» գործով մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին։

Այսպիսով, Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու, Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու վերաբերյալ» գործը, որոշել է.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) հիման վրա գործի քննությունը՝

ա) Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, մերժել,

բ) Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու մասով, մերժել,

գ) Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության:

2. Գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ին:

3. Գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանին, Ա. Դիլանյանին, Ֆ. Թոխյանին, Ա. Թունյանին, Ա. Խաչատրյանին, Հ. Նազարյանին, Ա. Պետրոսյանին:

4. Գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով: 5. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին:

 Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։