կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-25 17:44
Հասարակություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

«Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկի հրապարակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին ստուգելու համար: Վարույթի վերջնարդյունքի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը հավելյալ հայտարարություն կտարածի»,- գրել է նա:

Իր հերթին Շուշան Դոդորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր դիմել եմ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ քաղաքապետարանի կողմից պարգեւավճարների մասին տեղեկատվությունը գաղտնագրելու հարցով վարույթ հարուցելու խնդրանքով։

Հանրային միջոցները ծախսելու մասին տեղեկատվությունը կարեւորագույն դեր ունի կոռուպցիայի դեմ պայքարում։ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի քողի տակ թաքցնելն անընդունելի եմ համարում։ Տեղեկատվությունը պետք է հրապարակվի, առնվազն տրամադրված պարգեւավճարներն ըստ հաստիքացուցակի, ինչպես նաեւ բարձրաստիճան համայնքային ծառայողների պարգեւավճարները չեն կարող գաղտնիք համարվել եւ պետք է օր առաջ հրապարակվեն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանն ի պատասխան, որով Երևանի քաղաքապետից պահանջել էին տրամադրել պարգևատրված անձանց ցուցակը, քաղաքապետարանը պատասխանել էր «Ֆեյսբուք»-ին հղմամբ՝ կոպտորեն ոտնահարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները։