Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումը վարույթ էր ընդունել: Այժմ ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ Սահմանադրական դատարանի՝ խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքը և այն քննելու համար սահմանել է 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով, ասված է ՄԻԵԴ-ի հրապարակման մեջ:
Նշվում է, որ հանձնաժողովի նախագահը նաև սահմանել է ներքին դատավարության կամ այլ շահագրգիռ կողմերից, ներառյալ՝ ՀՀ կառավարությունից և Մարդու իրավունքների հանձնակատարից նյութերի ներկայացման ժամկետները:
Սահմանադրական դատարանի հարցումը կապված է ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածի հետ, որը պատիժ է նախատեսում սահմանադրական կարգը տապալելու համար:
Խորհրդատվական եզրակացության ընդունման խնդրանքը ներկայացվել էր 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, և հոկտեմբերի 2-ին այն վարույթ է ընդունվել:
Սահմանադրական դատարանի կողմից հարցված խորհրդատվական եզրակացությունը վերաբերում է իր քննության ներքո գտնվող գործին, որի շրջանակում դատարանը պետք է վերանայի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը վերաբերում է «սահմանադրական կարգի տապալմանը»:
Սահմանադրական դատարանը Եվրոպական դատարանից եզրակացություն է խնդրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի (առանց օրենքի պատժի անթույլատրելիության) որոշ կետերի, մասնավորապես՝ «օրենք» հասկացության, օրենքի որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության հասկացությունների, ինչպես նաև քրեական օրենքի հետադարձ ուժի բացակայության վերաբերյալ:
Մանրամասնելով ՄԻԵԴ-ի թիվ 16-րդ արձանագրության էությունը՝պարզաբանվում է, որ այն «թույլ է տալիս վավերացված անդամ պետությունների կողմից սահմանված բարձրագույն դատարաններին և տրիբունալներին խորհրդատվական եզրակացություններ պահանջել այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են եվրոպական կոնվենցիայում կամ դրան կից արձանագրություններում սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանմանը կամ կիրառմանը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում էր կայացրել՝ կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով: