Փոխարժեքներ
01 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Եվրամիությունը Հայաստանում կշարունակի դիտորդական առաքելությունն իր մանդատի հիման վրա, և այս պահին որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա: «Ազատությանն» այս մասին ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո սահմանին երրորդ ուժերի դուրսբերման հարց չի ծագել:
«Ինչպես ես գիտեմ՝ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները ողջունում են Եվրամիության առաքելությունը Հայաստանում: Այն շարունակում է իրականացնել իր գործունեությունը։ Եվ եթե որևէ փոփոխության անհրաժեշտություն լինի, մենք դա կքննարկենք մեր անդամ պետությունների և, իհարկե, Հայաստանի իշխանությունների հետ։ Բայց այս պահին ես ուզում եմ վստահեցնել հայ հասարակությանը, որ Եվրամիության առաքելությունը կշարունակի իրականացնել իր գործունեությունը իր մանդատի հիման վրա», — հայտարարեց ԵՄ դեսպանը:
Հարցին, թե որևէ քննարկում եղել է՞ Վաշինգտոնում համաձայնագրի նախաստորագրումից հետո, Մարագոսը պատասխանեց. — «Պետք է ընդգծեմ, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը այստեղ է գտնվում Հայաստանի իշխանությունների խնդրանքով, և այն կշարունակի մնալ այստեղ այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի։ Այն խաղաղության և կարգավորման գործիք է։ Եվ մենք լիովին սատարում ենք դրան»։
Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հինգ ամիս անց՝ օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրել են համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի՝ Երևանն ու Բաքուն պարտավորվում են ձեռնպահ մնալ որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով տեղակայելուց:
ԵՄ անզեն դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարի 20-ին։ Այս տարվա հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։
Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը բազմիցս մեղադրել են «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ: Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։