Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են․ անհրաժեշտ է համոզված լինել, որ Հայաստանի ինստիտուտները համապատասխանում են քաղաքացիների պահանջներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նման կարծիք հայտնեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շնորհանդեսի ընթացքում։
«Մարդու իրավունքները բոլորի մասին են, մարդու իրավունքները գործընկերության մասին են։ Դա պետք է լինի մի գործընթաց, որը միավորում է մեզ», - բացման խոսքում ասաց Վասիլիս Մարագոսը՝ կարծիք հայտնելով, որ շատ կարևոր է հասկանալ, թե որքան մեծ նշանակություն ունի մարդու իրավունքների վերաբերյալ հարցերի շուրջ համատեղ աշխատանքը, և, միևնույն ժամանակ, համոզված լինել, որ Հայաստանի ինստիտուտները նվիրված են ժողովրդավարությանը, այդ ինստիտուտների կարողությունների հետագա զարգացմանը և համապատասխանում են քաղաքացիների պահանջներին։
Նա նշեց, որ վերոնշյալ դիտարկումները Եվրոպական միության հետ գործընկերության պահանջներ են։ Նրա խոսքով՝ Եվրոպական միությունն աջակցում է մարդու իրավունքների պաշտպանությանը ոչ միայն ամբողջ աշխարհում և շատ այլ գործընկեր երկրներում, այլև այդ ոլորտը գտնվում է Հայաստանի և ԵՄ-ի գործընկերության կենտրոնում։
«Հայաստանը շատ ձեռքբերումների է հասել այս ոլորտներում, սակայն դա չի նշանակում, որ աշխատանքն ավարտված է։ Ահա թե ինչու ենք մենք շարունակում աշխատել միասին», - շեշտեց Մարագոսը՝ հավելելով, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի բոլոր համապատասխան ինստիտուտները և մասնագիտական շրջանակները ներգրավված լինեն այս գործընթացում։
Նա ընդգծեց, որ այդ համատեղ աշխատանքների նպատակն է Հայաստանի հետ կիսել այն փորձառությունը, որն ունի ԵՄ-ն՝ օգնելու և աջակցելու համար բոլոր այն բարեփոխումներին, որոնք իրականացվում են ՀՀ համապատասխան ինստիտուտների կողմից։
ԵՄ պատվիրակության ղեկավարն այս համատեքստում կարևորեց նաև քաղաքացիական հասարակության մասնակցությունը։
«Եվ ուզում եմ ողջունել նաև Փաստաբանների պալատի ներկայացուցչի ներկայությունը։ Կցանկանայի նշել իրավաբանների մասնակցությունը, քանի որ նրանք շատ մեծ դերակատարություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության գործում, հանդիսանում են նաև կարևոր դերակատարներ հասարակության և պետական ինստիտուտների միջև», - ասաց Վասիլիս Մարագոսը։
Նա ներկաներին տեղեկացրեց, որ մեկնարկող նախագիծը կտևի երեք տարի և հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում առաջ կբերի կայուն արդյունքների մի շատ հստակ շարք:
«Ես ուզում եմ ընդգծել Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը կատարում է իր բազմաթիվ պարտավորությունները, որոնք սահմանված են Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Ուզում եմ հատկապես ընդգծել Հայաստանի հավատարմությունը Մահապատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին, այս ոլորտում ստանձնած պարտավորություններին և Հռոմի կանոնադրության վավերացմանը, որը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, և մենք ակտիվորեն աշխատում ենք դրա իրականացման վրա», - շեշտեց Մարագոսն՝ ընդգծելով, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններն այժմ էլ ավելի են զարգանալու և խորանալու նոր գործընկերության օրակարգի հիման վրա։
ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակությանը մարդու իրավունքների թեմայով անընդհատ երկխոսության համար, որը շատ կոնկրետ տարրեր է բերում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության մեջ:
«Բացի Մարդու իրավունքների ոլորտից, Եվրամիությունը ներդրումներ է կատարել Հայաստանի արդարադատության բարեփոխումների մեջ: Սա նաև, եթե կուզեք, մարդու իրավունքների հետ կապված մեկ այլ անկյուն է, քանի որ արդարադատությունը, որն ապահովվում է քաղաքացիների համար, մարդու իրավունքների ինստիտուտ է։ Նաև ուզում եմ շեշտել հակակոռուպցիոն պայքարի վրա աշխատելու կարևորությունը: Երեկ մենք շատ կարևոր քաղաքական երկխոսություն ենք ունեցել արդարադատության և հակակոռուպցիոն հարցերի շուրջ: Եվ կրկին՝ կան շատ ձեռքբերումներ, բայց նաև դեռ կան շատ մարտահրավերներ: Այս բոլոր ոլորտներում բարելավման տեղ կա», - ասաց Մարագոսը՝ կարծիք հայտնելով, որ մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցում շատ կարևոր է սոցիալական բոլոր շերտերի ներառականությունը: