կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-31 20:07
Իրավական

Միջազգային փորձագիտական կառույցների ներկայացուցիչները ԲԴԽ-ում քննարկել են ՀՀ դատաիրավական բարեփոխումներին աջակցության ուղիները

Միջազգային փորձագիտական կառույցների ներկայացուցիչները ԲԴԽ-ում քննարկել են ՀՀ դատաիրավական բարեփոխումներին աջակցության ուղիները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը միջազգային փորձագիտական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների առնչությամբ դատական իշխանության ներկայացուցիչների պատրաստակամությունը, դատական համակարգում առկա հիմնախնդիրները, դրանց շուտափույթ լուծման տեսլականը, ինչպես նաև այդ համատեքստում միջազգային կառույցների աջակցության ուղիները: 

«Բարձրագույն դատական խորհրդում 2019 թ. մայիսի 31-ին Եվրոպայի խորհրդի պաշտոնական պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը:  Պատվիրակության կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը,  Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը,  Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Քաղաքական հարցերով տնօրինության քաղաքական խորհրդական Մաքսիմ Լոնգանգը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանը:

Քննարկման նյութի առանցքային հարցադրումներն էին դատաիրավական բարեփոխումների առնչությամբ դատական իշխանության ներկայացուցիչների պատրաստակամությունը, դատական համակարգում առկա հիմնախնդիրները, դրանց շուտափույթ լուծման տեսլականը, ինչպես նաև այդ համատեքստում միջազգային կառույցների աջակցության ուղիները:

Կողմերն ընդգծեցին բարեփոխումների գործընթացը բացառապես Սահմանադրության դրույթներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ երաշխավորելու անհրաժեշտությունը: Առանձնացվեց այն խնդիրը, որ բարեփոխումների ընթացքում հատուկ պետք է ուշադրության կենտրոնում պահել դատական իշխանության անկախության, որպես մարդու արդար դատաքննության իրավունքի երաշխիքի հիմնադրույթը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհրդում անցած մեկ տարվա ընթացքում մշակվել և շրջանառության մեջ է դրվել արդարադատության արմատական բարելավմանը միտված հայեցակարգ, համակարգված կերպով բացահայտվել են բոլոր հիմնախնդիրները և նախանշվել են դրանց հաղթահարման վեկտորները: Հատուկ ընդգծվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը հավուր պատշաճի աջակցելու է երկրում սկիզբ առած նախաձեռնություններին և ակնկալում է այդ գործընթացների մեջ նաև դատավորների անհրաժեշտ ներգրավվածությունը:

Կողմերը միակարծիք էին, որ բարեփոխումների արդյունքում բացառվելու է որևէ խտրական վերաբերմունք, այն իրագործվելու է միայն հստակ ու արդարացի չափանիշների հենքով, իսկ արդյունքում բարելավվելու է դատավորների սոցիալական և նյութական ապահովվածությունը, ամրապնդվելու են դատական իշխանության անկախության հիմքերը և բացառվելու են կոռուպցիոն ռիսկերը»,- նշված է հաղորդագրության մեջ: