Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական ճգնաժամ չկա, չի էլ կարող լինել նման մասնագիտական կարծիք. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը և նամակներին:
«Նույն տրամաբանությամբ` մեկը կարող է վեր կենալ և ասել, որ Սահմանադրության մեջ «կառավարության անդամ» եզրույթը հստակ բացահայտված չէ, և մենք ունենք սահմանադրական ճգնաժամ գործադիր իշխանությունում: Իհարկե, չունենք, և ցանկացած նման մեկնաբանություն ոչ լուրջ սահմանադրաիրավական վերլուծության արդյունք է: Ես նաև ուսումնասիրել եմ պարոն Գրիգորյանի նամակը և պիտի ասեմ՝ երբ մենք խոսում ենք սահմանադրական ճգնաժամի մասին, չենք պատկերացնում, թե դրա ապացուցման ինչ ստանդարտ է ենթադրում, այսինքն՝ ինչեր պիտի ներկայացնի անձը, իսկ նամակում ներկայացվում է անդամ-դատավոր բառախաղը, ՍԴ անդամի, այնուհետ` դատավորի երդման տեքստերը: Եթե ՀՀ-ում ՍԴ դատավորի երդման տեքստը լիներ սահմանադրական պահանջ, նորմ, այդ դեպքում ես կփորձեի ընկալել: ՍԴ-ի երդման տեքստով չէ, որ նրանց գործառույթն է գնահատվում, իրացվում, այլ լիազորությունների և պարտականությունների տիրույթում, իսկ դրանք նույնական են 1995-ից մինչև 2015: ՍԴ-ի 213 հոդվածը հենց այն նորմերից է, որի համար պետք չէ ունենալ սահմանադրագետի կարգավիճակ. ամեն ինչ այնքան հստակ է ձևակերպված, որ ՍԴ-ի անդամները շարունակում են պաշտոնավարել, այսինքն՝ տրանսֆորմացվում են դատավորի: Բնականաբար, 2018-ի ապրիլի 9-ից մենք չունենք ՍԴ անդամներ, մենք ունենք ՍԴ դատավորներ, և այստեղ որևէ բարդ իրավիճակ պետք չէ տեսնել»,- պարզաբանեց նա:
Ըստ Վարդևանյանի` ողջունելի էր ՍԴ դատավորների զսպվածությունը, որոնք նշված հարցի վերաբերյալ հայտարարություն արեցին: «ՍԴ-ն այսօր կազմված է 9 դատավորից, որն այդպիսին է 2018-ի ապրիլի 9-ից»,- նշեց նա:
Անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորների հրաժարականի մասին ակնարկին՝ Արամ Վարդևանյանը շեշտեց. «Այդ նամակն այնքան իրավական խնդիրներ է պարունակում, որ այն, ի վերջո, իրավական գնահատականի արժանանալու է՝ առնվազն կարգապահական տեսանկյունից, քանի որ ՍԴ-ի դատավորը նման լիազորություն չունի դիմելու մարմիններին, որոնց գործողությունների վերաբերյալ հետագայում ինքը կարող է գնահատական տալ: Ես այս իրավիճակում ամենամեծ խնդիրը դա եմ տեսնում: Ենթադրենք՝ ՍԴ դատավորը նամակով ինչ-որ խնդիր է ներկայացնում ՀՀ նախագահին, պատկերացրեք, որ դրանից որոշ ժամանակ անց նախագահի հրամանագիր է դառնում ՍԴ-ում քննության առարկա, ինչպե՞ս է հաղթահարվելու այդ շահերի բախումը, կամ կառավարության որոշում է լինում: Պատահական չէ, որ ՍԴ-ի յուրաքանչյուր դատավոր խիստ զսպվածության մեխանիզմներով է կաշկանդված: ՍԴ-ի դատավորը չի կարող քաղաքական, հասարակական հայտարարություններ անել, այնտեղ զսպվածության մեխանիզմները շատ կոշտ են դրված: Եվ սա զսպվածության պահանջի խախտում է: Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի նամակով առաջարկվող լուծումներին, ՍԴ դատավորներին անուղղակի կամ ուղղակի հորդորելը` հրաժարական տալ, այ դա է հակասահմանադրական, դա է անընդունելի որևէ երկրում, որը կարող է իրեն դիտարկել որպես ժողովրդավարական երկիր, իսկ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ, ուստի այդպիսի խնդիր ՀՀ-ում չի կարող լինել: Ես հորդորում եմ զերծ մնալ նման նախադասություններից: Մենք խոսում ենք ՍԴ-ի մասին, ոչ թե մի հասարակ դատարանի, որի որոշումները կարող ենք քննադատել, բողոքարկել: ՍԴ-ի որոշումները ենթակա չեն բողոքարկման»:
Արամ Վարդևանյանը հարկ համարեց հիշեցնել նաև, որ Սահմանադրությունը նախագահներին գործառութային անձեռնմխելիության երաշխիքներ է տալիս, որոնք տարածվում են նաև պաշտոնավարման ավարտից հետո (խմբ.-նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին): «Այսինքն՝ դա հարատև է, և եթե մենք անձեռնմխելիության ինստիտուտի նկատմամբ ունենում ենք ոչ սահմանադրական վերաբերմունք, այն հետագայում շատ ավելի լուրջ ռիսկեր կարող է պարունակել»,- ամփոփեց սահմանադրագետը: