կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-20 13:48
Հասարակություն

Աննա Գրիգորյանի ձեռքից քաշում է հայ տղամարդը. սա՞ է ձեր ժողովրդավարությունը. Արամ Վարդեւանյան

Աննա Գրիգորյանի ձեռքից քաշում է հայ տղամարդը. սա՞ է ձեր ժողովրդավարությունը. Արամ Վարդեւանյան

Կազմակերպիչների կողմից տրամադրվել է ցուցակ, որում միայն իշխանական պատգամավորների անուններն են, դա՞ է իրենց պատկերացրած ժողովրդավարությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ այս պահին ընթանում է Freedom House միջազգային կազմակերպության կազմակերպած՝ «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով նրան, որ իրենց թույլ չեն տալիս մտնել ֆորումի սրահ:

«Այսինքն՝ ուզում են, որ այստեղ այլ կարծիք չհնչի: Թող Շվեդիայում, Նորվեգիայում իմանան, որ դա է ժողովրդավարությունը: Միայն միասնականությամբ եւ պայքարով է հնարավոր այս վիճակից դուրս գալ: Միայն այն, որ կին պատգամավորի թեւից կարելի է քաշել, մենք այդպիսի բան չենք հիշում: Մենք դա չենք ուզել, մենք չենք ուզել, որ հայրենասեր տղերքը լինեն քաղբանտարկյալ: Սահման պահող տղեն ո՞նց կարող է լինել քաղբանտարկյալ:

Մենք, ժողովրդի պահանջով, նաև՝ըստ օրենքի, մտանք հյուրանոց, բայց  հենց ավելի մոտենում ես իշխանությանը, օրենքը վերանում է: Լավ, օրենքը վերանում է, բայց հայ տղամարդու  վարքագիծ կա, բարոյական սահմաններ կան։ Իմ գործընկեր Աննա Գրիգորյանի ձեռքից քաշում է հայ տղամարդը, հանուն ինչի՞»,- ասաց Վարդևանյանը։

Պատգամավորները սկսեցին վանկարկել՝ «պայքար», «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ»:

Նշենք, որ լրագրողներին նույնպես թույլ չեն տվել մտնել ֆորումի սրահ եւ լուսաբանել միջոցառումը:

Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում  Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները,  իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց՝ ներկայացնելու իրական ժողովրդավարության վիճակը Հայաստանում։