կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-03 16:18
Մշակույթ

Վաղը կներկայացվի «Տոսկա» օպերան. Տոսկայի դերերգը վստահվել է Լիլիթ Սողոմոնյանին

Վաղը կներկայացվի «Տոսկա» օպերան. Տոսկայի դերերգը վստահվել է Լիլիթ Սողոմոնյանին

Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերան, որը ներկայացվում  է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հանդիսատեսը վայելելու հնարավորություն կունենա հուլիսի 4-ին: Գլխավոր հերոսուհուն` Տոսկային մարմնավորելու է օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը:

«Հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում են ինձ ու իմ գործունեությունը: Անհամբերությամբ սպասում եմ ելույթիս, քանի որ 3 տարի այս դերով ինչ-ինչ պատճառներով հանդես չեմ եկել»,- ասաց Սողոմոնյանը և հավելեց, որ ապագայում ծրագրերը շատ են, իսկ առաջարկները՝ բազմազան: Ինքն էլ իր հերթին փորձում է մեր և արտասահմանյան բեմերում միշտ հանդես գալ այնպես, որ բարձր պահի և՛ արվեստի հարգը, և՛ երկրի պատիվը:

Սողոմոնյանը 24 տարեկանում Վերդիի «Տրուբադուր» օպերայում հանդես է եկել Լեոնորայի դերերգով: Իր ստեղծագործական ամբողջ կյանքի ընթացքում ներկայացել է բազմաթիվ դերերգերով. «Աիդա» օպերայում մարմնավորել է Աիդային, հանդես է եկել «Տոսկա», «Մանոն Լեսկո», «Ալեկո», «Գեղջկական պատիվ», «Ջոկոնդա» և այլ օպերաներում:

Անցնելով ստեղծագործական երկար ուղի՝ Լիլիթ Սողոմոնյանը հասցրել է միշտ աշխատել ու շփվել հրաշալի ու տաղանդավոր ռեժիսորների ու դիրիժորների հետ և իր մեծ ցանկությունն ու պարտքն է համարում այդ գիտելիքները հետագայում փոխանցել երիտասարդ սերնդին:

Մեներգչուհին հանդես է եկել Չիլիում՝ Սանտյագոյի «Մունիսիպալ» թատրոնում՝ Պուչինիի «Տոսկա» և Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերաներում:

«Ես միշտ փորձել եմ անել հնարավորը չափազանց բծախնդիր ու պահանջկոտ հանդիսատեսի առջև լավագույնս ներկայանալու համար»,-եզրափակեց մեներգչուհին: