կարևոր
4201 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-20 21:32
Աշխարհ Քաղաքական

Մենք ուշադիր ենք լինելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու փորձերին. Ֆրանսիայի ԱԳՆ

Մենք ուշադիր ենք լինելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու փորձերին. Ֆրանսիայի ԱԳՆ

Փարիզը մտահոգված է կեղծ հռետորաբանությամբ, որի նպատակն է Հայաստանին ներքաշել Ղարաբաղի ողբերգական իրադարձությունների մեջ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում։

«Մենք կշարունակենք ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում այս իրադարձությունները որպես պատրվակ օգտագործելու փորձերին՝ կասկածի տակ դնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ նախօրեին Ֆրանսիան դատապարտել էր Ադրբեջանի հարձակողական ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։

«Հատկապես մտահոգիչ են քաղաքացիական զոհերը», - ավելացրեց նա: Հրադադարը, ըստ ամենայնի, չի հաստատվել, և Ֆրանսիան կշարունակի վերահսկել իրավիճակը։ Ֆրանսիան միշտ աջակցել և աջակցում է բանակցային լուծումներին, որոնք կերաշխավորեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը խաղաղ ապրելու իրավունքը՝ հարգելով իրենց պատմությունն ու մշակույթը։ Այս երաշխիքները թելադրանքով չեն կարող հաստատվել։ Կրկնեմ այն, ինչ երեկ ասացի՝ մենք Ադրբեջանին ենք պատասխանատու համարում Ղարաբաղի բնակչության ճակատագրի համար։ Մեզ հասած տվյալները վկայում են բնակչության արտահոսքի վտանգի մասին, ինչը նույնպես չափազանց անհանգստացնում է մեզ»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով, այս բոլոր պատճառներով Ֆրանսիան հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հրատապ քննարկման նախաձեռնությամբ: