կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 12:56
Քաղաքական

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով. Սասուն Միքայելյան

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով. Սասուն Միքայելյան

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց այն տեղեկությունները, որ ինքը չի միջամտել Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, որովհետև այնտեղ առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանն իր սրտով չի եղել, հետևաբար` ինքը նրան չի պաշտպանել։

Պատգամավորը նաև նշեց, որ ինքը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի աշխատաոճի նկատմամբ թերահավատություն ունի: «Ինքն այնտեղ` Աբովյանում ու այդ մարզում, ուզում է դառնալ դեմք։ Վարչությանը բերել, թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել։ Երկրորդ անգամ էլ, որ պետք է արդեն պաշտոնապես առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես էլի դեմ եմ քվեարկել։ Ու դրանից հետո ես չեմ խառնվել Աբովյանի ընտրություններին, չեմ միջամտել՝ պահելով ՔՊ-ի կարգ ու կանոնը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Աբովյանի վերընտրված քաղաքապետ Վահագն Գրիգորյանին, ապա Սասուն Միքայելյանը դրական գնահատական  տվեց նրան, հաստատեց, որ նրան ճանաչում է 1995 թվականից, երբ աշխատում էր ԱԺ-ում: 

«Ես ասել եմ, որ պետք չի տանել ցնցումների։ Նա այն քաղաքապետերից մեկն է, որը բյուջեն կատարել է 104 տոկոսով, այսինքն՝ բյուջեն գերակատարել է։ Ես ոչ թե չեմ պաշտպանել, այլ չեմ խառնվել ու ՔՊ-ի թիկունքից էլ չեմ խփել»,- պարզաբանեց Միքայելյանը

Խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի պարտության մասին` պատգամավորը շեշտեց, որ ՔՊ-ն պարտվեց հենց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որն անձնավորել էր այդ ընտրությունները և բարձր համարել իր դերը դրանցում։

«Պատկերացրեք՝ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու այնտեղ։ Մարդիկ կան, որ էս շարժման մեջ ժողովուրդը, որ իներցիայի տակ ձայն ա տալիս, իրանք գիտեն, թե դեմք են դառած, մեծ դերակատարություն են ունեցել թավշյա հեղափոխության մեջ։ Եսիմինչ ակտիվ էլ չէր Ռոմանոսը հեղափոխության ժամանակ։ Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում», - ասաց Սասուն Միքայելյանը։