կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 14:48
Քաղաքական

Աբովյանի վերահաշվարկի ընթացքում Հայկ Կոնջորյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրներն աղմուկ են բարձրացրել

Աբովյանի վերահաշվարկի ընթացքում Հայկ Կոնջորյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրներն աղմուկ են բարձրացրել

Աբովյան քաղաքում ընթացող վերահաշվարկի ընթացքում երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Շրջակա միջավայր նախարար Ռոմանոս Պետրոսյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրներն աղմուկ են բարձրացրել ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։

«Վերահաշվարկի ժամանակ գալիս են ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Պավել Չուգունյանի շտաբի պետ Ավետ Կոնջորյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրն է, եւ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբենը։ Նրանք փորձում են սկանդալ ստեղծել, բղավում են, ոչ ադեկվատ պահվածք են դրսեւորում, փորձում են ահաբեկել վերահաշվարկն իրականացնող հանձնաժողովի անդամներին։ Սպառնալիքներ են հնչեցնում, որ բոլորը կդատվեն։ Չեմ կարող ասել՝ կոնկրետ ում, բայց հանձնաժողովի անդամներից մեկի թեւը մտել էին եւ ասել՝ հեսա ձեզ ձեր շեֆերը կզանգեն»,- պատմեց Արման Աբովյանը։ 

Ըստ Աբովյանի՝ այդ միջադեպից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ անվավեր ճանաչված մի քանի թերթիկները վավեր են ճանաչվել։

«Դա նվազագույն տոկոսով անգամ չի ազդում ընտրության ընդհանուր արդյունքների վրա։ Շատ հետաքրքիր է տեսնել, որ իշխանական թիմը խորագույն ցնցումների մեջ է»,- նշեց Աբովյանը։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում Աբովյան համայնքում առավել շատ ձայներ ստացել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 46 %, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 37 %, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 12%, իսկ ՀՅԴ-ը՝ 5 %։ «Քաղաքացիական պայմանագիրը» բողոքարկել էր Աբովյան քաղաքի 41 ընտրատեղամասերից 25-ի արդյունքները՝ պահանջելով վերահաշվարկ։