Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի միջամտությամբ լուծվել են ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում ՄԻՊ կողմից արձանագրված մի շարք համակարգային խնդիրներ, որոնք հանգեցնում էին ազատազրկված անձանց որոշ իրավունքների շարունակական խախտման: Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման հետ կապված խնդիրների մի մասն առընչվում էր տեսակցությունների տրամադրման ընթացակարգերին, ինչպես նաև տեսակցությունների համար նախատեսված սենյակների պայմաններին: Մասնավորապես, ՄԻՊ-ի միջամտությամբ հանվել է տեսակցության սենյակում առկա միջնապակին, որն արգելք էր հանդիսանում ազատազրկված անձանց և նրանց հարազատների միջև կենդանի շփման համար: Բացի դրանից, քննչական մեկուսարանում բացակայում էր հեռախոսակապը, ինչի հետևանքով կալանավորված անձինք չէին կարողանում օգտվել արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքից: Իսկ այժմ տեղում արդեն գործում է հեռախոսակապ քննչական մեկուսարանում պահվող անձանց համար:
ՄԻՊ-ի կողմից արձանագրված և այնուհետև վերացված մյուս խնդիրը մի շարք խցերի լուսամուտներին երկաթյա շերտավարագույրների առկայությունն էր, որոնք խոչընդոտում էին բնական լույսի պատշաճ հասանելիությունն ազատազրկված անձանց համար: ՄԻՊ-ի միջամտությամբ քննչական մեկուսարանում ապահովվել են օրենքով նախատեսված այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ կալանավորված անձանց և պաշտպանների տեսակցության ժամանակ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողները նրանց կարողանան տեսնել, բայց չկարողանան լսել:
Վերոնշյալ խնդիրները ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. տարեկան հաղորդման մեջ, որից հետո ոստիկանության հետ կատարված համատեղ աշխատանքի արդյունքում դրանք լուծվել են ապրիլ-մայիս ամիսների ընթացքում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ շարունակելու է հետևողական լինել ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց բոլոր իրավունքների պատշաճ իրացման հարցում: