Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում՝ ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև առանձնազրույցի ցանկություն հայտնող ազատազրկվածներին հանդիպելու նպատակով: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից:
Արտակ Բեգլարյանը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ շրջել է փակ, կիսափակ և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում և քննչական մեկուսարանում՝ հանդիպելով դատապարտված և կալանավորված բոլոր անձանց հետ: Այցի ընթացքում ազատությունից զրկված շուրջ 20 անձինք առանձնազրույցի ցանկություն են հայտնել, և քրեակատարողական վարչության ղեկավարության կողմից ապահովվել է մեկուսի զրույցի հնարավորություն:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքին՝ կարևորելով խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով կիրառվող մեխանիզմների անընդհատ բարելավումը: Նա իր վճռականությունն է հայտնել համապատասխան ջանքեր գործադրելու այդ ուղղությամբ՝ և՛ մշտադիտարկման ու իրազեկման աշխատանքների, և՛ արձանագրված խնդիրներին պատշաճ գնահատական տալու միջոցով:
Այցի ժամանակ Պաշտպանը քննության է առել նաև ազատազրկված անձանց հաղորդակցության, տեսակցության, բժշկական սպասարկման և մի շարք այլ հարցեր՝ նախնական քննարկումներ ունենալով քրեակատարողական վարչության ղեկավարության հետ:
Դիտարկման աշխատանքների ու առանձնազրույցների արդյունքում արձանագրվել են մարդու իրավունքների մի շարք անհատական և ընդհանրական ենթադրյալ խախտումներ, որոնց վերջնական գնահատական և հնարավոր լուծումներ տալու նպատակով ՄԻՊ աշխատակազմը սկսել է լրացուցիչ ուսումնասիրություններ:
Հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետո Պաշտպանը հանդես է գալու համապատասխան առաջարկներով և նախաձեռնություններով: