կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-20 13:31
Հասարակություն

«Ահազանգ»-ի անդամները վարչապետի հետ հանդիպումը հուսադրող չեն համարում

«Ահազանգ»-ի անդամները վարչապետի հետ հանդիպումը հուսադրող չեն համարում

Արդեն հայտնել ենք, որ ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության հետ, որը Ազգային ժողովի առջև նստացույց է իրականացնում ընդդեմ Հարկային օրենսգրքում նախատեսվող` եկամտային հարկի համահարթ սկզբունքի, հանդիպել է Ազգային ժողովում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախաձեռնության անդամներից Քրիստինե Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Փաշինյանն իրենց հետ զրույցում համաձայնել է՝ սկզբունքային տարբեր մոտեցումներ կարող են լինել։ «Նա համոզված էր կամ համոզել էին, որ օրենսդրական այդ փաթեթով կարող են ստվերից դուրս բերել եկամուտները, բայց մենք պնդեցինք, որ միջազգային նման փորձ չկա, ու բերեցինք, օրինակ, Վրաստանի փորձը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներին, որի մի մասը սուբսիդավորում է պետությունը, վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել։ «Օրինագծով նախատեսված է, սակայն, որ պարտադիրի վճարն ընկնում է աշխատողի կամ հարկատուի վրա, այսինքն՝ երբ օրենքն ընդունվի, կառավարությունն այլևս չի փոխհատուցելու 2,5 տոկոսը, որն այժմ փոխհատուցում է»,- բացատրեց մեր զրուցակիցը։

Մեր հարցին` հուսադրո՞ղ էր հանդիպումը, «Ահազանգ»-ի անդամը պատասխանեց․ «Հուսադրող չեմ համարի։ Մի մեջբերում կանեմ վարչապետ Փաշինյանի հետ զրույցից, նա ասաց` նախագիծը պետք է փորձենք, տեսնենք՝ ինչ ազդեցություն ունի, նոր միայն դրանից հետո օրինագծի վերաբերյալ վերջնական տեսակետ կունենանք»։

Քրիստինե Վարդանյանը նաև հայտնեց, որ նստացույցը դադարեցնելու հորդոր վարչապետի կողմից չի եղել: