Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուսաստանը շատ կարևոր և նշանակալի դերակատարում ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ հիմնվելով այն հարաբերությունների վրա, որոնք կապում են ՌԴ-ին ՀՀ-ի հետ` որպես ռազմավարական դաշնակցի, և Ադրբեջանի հետ, որը ՌԴ-ի վաղեմի գործընկերն է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից է, ըստ այդմ՝ ձեռնարկում է կոորդինացված քայլեր մյուս համանախագահող երկրների հետ ԼՂ հարցում, բայցև առանձին քայլեր է կատարում: «Գիտեք, որ վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հավաքել էր իր գործընկերներին ՀՀ-ից և Ադրբեջանից, այնտեղ էին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այսինքն՝ այս մեխանիզմները կան, դրանք աշխատում են: Ռուսաստանը հստակ գիծ է բռնել այս հարցում, այն է՝ մենք կողմնակից ենք, որ չլինի էսկալացիա, որի համար ձեռնարկում ենք բոլոր քայլերը, որպեսզի հաստատվի կայուն բանակցային գործընթաց: Բնականաբար, հարցի վերջնական լուծումը պետք է լինի հակամարտության կողմերի որոշումը: Եվ այստեղ, կարծում եմ, պետք է հավասարակշիռ մոտենալ ՌԴ-ի դերակատարմանը, որը նշանակալի է, ակտիվ, բայց այն չի կարող փոխարինել կողմերի դիրքորոշմանը: Մեր խնդիրն է աջակցել, և այն մեխանիզմները, հնարավորությունները, որոնք մենք ունենք, ամբողջապես օգտագործում ենք, բայց ասել, որ ամեն ինչ կախված է ՌԴ-ից, դա այնքան էլ ճիշտ չէ»,- նշեց դեսպանը:
Սերգեյ Կոպիրկինը վստահեցրեց՝ ՌԴ-ն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, երկրորդ՝ տարածաշրջանում իր գործողություններով փորձել է այնպես անել, որ չստեղծվի մի իրավիճակ, որը կհանգեցնի ռազմական էսկալացիայի: «Երրորդ՝ Ռուսաստանը, լինելով ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը, շատ բան է անում, որ ՀՀ-ն իրեն անվտանգ զգա»,- հավելեց դեսպանը՝ շեշտելով, որ երկու երկրների ռազմատեխնիկական հարաբերությունները բավականին հաջողությամբ զարգանում են, և որ իր խոսքերը հաստատում է նաև Գյումրիում ռուսական բազայի գործունեությունը: