կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 15:30
Իրավական

ՀՔԾ պետը հեռախոսով վտանգավոր բաների մասին չի խոսում և լավատես է՝ 10-ը սպանությունները բացահայտվելու են

ՀՔԾ պետը հեռախոսով վտանգավոր բաների մասին չի խոսում և լավատես է՝ 10-ը սպանությունները բացահայտվելու են

Չենք նշելու, թե ովքեր են քննվել և ինչ հարցերի շուրջ, կամ` ովքեր են քննվելո. խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նման պատասխան տվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է: «Դա սկզբունք է, հիմա էլ այդ սկզբունքին չեմ դավաճանի և չեմ նշի, թե հարցաքննվել է, թե՝ ոչ, կհարցաքննվի, թե՝ ոչ: Բոլորը, ովքեր  այս կամ այն կերպ առնչվել են այս դեպքերին, բոլորը հարցաքննվելու են: Թե ինչ կարգավիճակով և երբ, այդ հարցերին խնդրում եմ չպատասխանել»,- նշեց նա:

Ի պատասխան հարցին` Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը հայտարարել էր, որ  բավարար ապացույցներ կան այն մասով, որ Գագիկ Ծառուկյանը մարտյան իրադարձությունների ժամանակ սնունդով է ապահովել զինվորականներին, Սասուն Խաչատրյանը կրկնեց՝ չի ասելու` ով է հարցաքննվել, ով՝ ոչ:

Դիտարկմանը՝ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանն ընդունո՞ւմ է, որ ինքն է սպանել Զաքար Հովհաննիսյանին, ՀՔԾ պետն արձագանքեց, որ Գեղամ Պետրոսյանն այս պահին ցուցմունքներ չի տալիս:

Միաժամանակ, Խաչատրյանը վստահեցրեց՝ ՀՔԾ-ն ունեցել է Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու բոլոր հիմքերը։ «Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքն ապացույցների բավարար համակցությունն է, դրա առկայության դեպքում է միայն հնարավոր անձին ներգրավել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել։ Դատարանը խափանման միջոց կիրառելիս, հատկապես` կալանքի դեպքում, պատասխանում է երկու հարցի՝ կալանք կիրառելու հիմնավոր պայման՝ հիմնավոր կասկած, և խափանման միջոցի հիմք՝ խուսափելու, քննությանը խոչընդոտելու հիմքերը։ Դատարանը գտել է, որ առկա է և՛ պայմանը՝ հիմնավոր կասկածը, և՛ հիմքը: Այսքանից ավելի ոչինչ չեմ ցանկանում ասել»,- շեշտեց ՀՔԾ պետը։ 

Ինչ վերաբերում է ցուցմունքներին և փաստահավաք խմբի անդամների պնդումներին,  որ բանակը ներգրավվել է մարտիմեկյան իրադարձություններին, բայց որը ցանկացել են թաքցնել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում ցուցմունքներն այս պահին հրապարակել, բայց տուժողների ներկայացուցիչներն այդ մասին բարձրաձայնել են, այսինքն՝ բաց աղբյուրներում այդ տեղեկությունները կան: Ես դրանք չեմ հերքում»:

Իսկ թե որքանո՞վ է հնարավոր բացահայտել Մարտի 1-ի գործով  բոլոր սպանությունները, ինչպես խոստացել է Նիկոլ Փաշինյանը, Սասուն Խաչատրյանը ընդունեց՝ բարդություններ կան, քանի որ անցել է 11 տարի, բազմաթիվ իրեղեն ապացույցներ կեղծվել են, բայց և՛ ինքը, և՛ ՀՔԾ-ում լավատես են ու  ամեն ինչ անելու են, որ բոլոր սպանությունները ու դեպքերի մանրամասները բացահայտվեն: 

Այս համատեքստում ՀՔԾ պետը հիշեցրեց, որ քրեական գործը 4 մեղադրյալի մասով գտնվում է դատարանի վարույթում: «Այդ գործով ՀՔԾ-ն այս պահին գործառույթ չունի: Եվ ես կոռեկտ չեմ համարում հիմա մտնել այդ դաշտ, դա դատարանի, դատախազի  և տուժողների ու պաշտպանի դաշտն է: Այսինքն՝ դատավարության մասնակիցները նրանք են»,- ասաց նա:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և  այն ՍԴ ուղարկելու` դատարանի որոշմանը` Խաչատրյանը պնդեց՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ ՀՔԾ–ի առաջադրած մեղադրայնքն ամբողջովին հիմնավոր է։ 

«Դատավոր Դավիթ Գրիգորյանը երկու ասպեկտով է դիմել Սահմանադրական դատարան՝ մեկը` ՔՕ 301.1 հոդվածի հետ կապված, մյուսը՝ անձեռնմխելիության: Ես դրա հետ կապված իմ դիրքորոշումը բազմիցս հայտնել եմ, մեր առաջադրած  մեղադրանքը հիմնավոր է»,–լրացրեց նա:

Հարցին՝ գաղտնալսման առումով որքանո՞վ է այսօր անվտանգ ՀՔԾ պետի հեռախոսը, Սասուն Խաչատրյանն վստահեցրեց՝ հեռախոսով վտանգավոր բաների մասին չի խոսում: