կարևոր
670 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-23 13:48
Հասարակություն

Շատ այլ բաների հետ համաձայն չեմ․ Վալերի Փիլոյանի արձագանքը՝ Դավիթ Գասպարյանին

Շատ այլ բաների հետ համաձայն չեմ․ Վալերի Փիլոյանի արձագանքը՝ Դավիթ Գասպարյանին

Yerkir.am-ն օրերս հրապարակել էր գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի ակնարկը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցած «Չարենց» ներկայացման առաջնախաղի մասին՝ «Վիրավորականը իմ վաստակի ուրացումն էր. Դավիթ Գասպարյանը` Վանաձորի թատրոնում «Չարենց» ներկայացման մասին» վերտառությամբ։ Խմբագրությունն այսօր ստացել է հիշյալ ներկայացման հիմքում ընկած «Չարենցի վերջին գիշերը» պիեսի հեղինակ,  բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանի պատասխան ակնարկը, որն անփոփոխ կերպով ներկայացնում ենք ստորև․

Պատասխան

2025 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Չարենց» ներկայացման առաջնախաղը՝ ըստ մեր հեղինակած «Չարենցի վերջին գիշերը» պիեսի։ Պարոնը դիտել է ներկայացումը, սակայն չի կարդացել պիեսը, ինչն էլ թյուր եզրակացությունների տեղիք է տվել։ Պիեսի վերնագրից անմիջապես հետո պարզաբանում կա՝ «ըստ Չարենցի ստեղծագործության, վկայագրերի և հուշերի», ինչի մասին չգիտի պարոն չարենցագետը։

Ավելի պարզ լինելու համար դիմեմ ժամանակագրությանը։ 2024-ի ապրիլին հրավիրվեցի թատրոն, և առաջարկ եղավ գրելու Չարենցին վերաբերող պիես։ Ես առաջարկեցի բեմադրել Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը», Դավիթ Գասպարյանի «Եղիշե Չարենցի հավատաքննությունը կամ Բանաստեղծի վերջին աղոթքը» կամ որևէ այլ գործ (Վահրամ Մարտիրոսյանն էլ կինոսցենար ունի), սակայն ի վերջո համաձայնեցինք ինքնուրույն պիես գրելուն։ Պիեսի հիմքում ընկած է ընդամենը մի պարզ նախադասություն՝  «Չարենցի ստեղծագործությունը համակ սեր է, սեր առ հայրենիքը և առ կինը»։ Այստեղից էլ ընտրվեց կերպարաշարը՝ Առաջին Նավզիկե Աստղիկ, Մազութի Համո, Միակ Նավզիկե Արփենիկ, Ալեքսանդր Մյասնիկյան, Վերջին Նավզիկե Իզաբելլա, Աղասի Խանջյան։ Մանրամասնում եմ, որպեսի չթվա հոդվածագրին, թե արտագրություն է, ինչպես հոխորտում է Դ․ Գ․-ն։ Սա իմ մտահղացումն է։ Ու երբ պարզ էր աշխատանքի կառուցվածքը, պիտի ենթադրվեր ավարտի ու սկզբի միջև որոշակի կապ, որն էլ դարձան առանձին հատվածներ Չարենցի հարցաքննություններից։ Նյութի վավերականությունը պահպանելու համար հարմար գտա օգտագործել Դ․ Գ․-ի հրապարակումները՝ յուրաքանչյուր անգամ չակերտների մեջ առնելով ընտրված հատվածը։ Սա իմ սկզբունքն է, որից ոչ մի շեղում չեմ թույլատրում ինձ։ Ապացույցը իմ գրքերն ու հոդվածներն են, երբ երկու-երեք բառանոց կապակցությունն անգամ չակերտների մեջ է առնվում, և նշվում են հեղինակն ու աղբյուրը։ Հետևաբար սա գրագողություն չէ, ինչպես կարծում է Դ․ Գ․-ն, և ներկայացման հիման վրա պիեսի մասին խոսելը, մեղմ ասած, շփոթություն է։ Այո, ես օգտագործել եմ  Չարենցի հարցաքննություններից հատվածներ՝ ըստ Դ․ Գասպարյանի հրապարակումների, և սա  չի նշանակում Դ․ Գ․-ի վաստակի ուրացում։ Ես և Չարենցի գործով ապրող շատ-շատերը չենք մոռանում, որ 1990-ականների սկզբին պարբերականների էջերին եղան առաջին հրապարակումները (այդ հրապարակումների մի մասը նախապես տպագրվում էին գրականագետ Դավիթ Գասպարյանի և պատմաբան Ամատունի Վիրաբյանի համահեղինակությամբ), ապա վերահրատարակվեցին Դավիթ Գասպարյանի «Փակ դռների գաղտնիքը» գրքում, ապա «կազմեց, առաջաբանը գրեց, բնագրերը պատրաստեց, ծանոթագրեց, մեկնաբանեց Դավիթ Գասպարյանը» պարզաբանմամբ վերավերահրատարակվեց Եղիշե Չարենցին վերագրվող «Նորահայտ էջերում»։ Նախատեսվում է, որ դրանք հրատարակվելու են Եղիշե Չարենցի գործերի տասներեքհատորյակի 13-րդ հատորում։ Այսքանից հետո սեփականե՞լ հարցաքննությունների արձանագրությունը կամ այդ հանցանքը վերագրել ի՞նձ։ Սա ուղղակի անմտություն է, և տարիների հոգեմաշ աշխատանքը չի վերագրվում այլոց կամ ինձ․ դա Ձերն է, բարով վայելեք։ Հավելեմ, որ օգտագործել եմ նաև Արփենիկ Չարենցի կազմած «Վերջին խոսք» հատորյակը, Գուրգեն Մահարու Երկերի առաջին և իններորդ հատորները, իսկ Ալմաստ Զաքարյանի «Եղիշե Չարենց» եռահատորը, Նիկոլ Աղբալյանի, Սուրեն Աղաբաբյանի, Հրանտ Թամրազյանի, Հակոբ Սալախյանի, Էդվարդ Ջրբաշյանի, Հենրիկ Էդոյանի, Գառնիկ Անանյանի, Ազատ Եղիազարյանի, Սեյրան Գրիգորյանի, Ժենյա Քալանթարյանի,  Անահիտ Չարենցի, Աշոտ Ալեքսանյանի գրքերը եղել են իմ ուղեկիցները աշխատանքի ամբողջ ընթացքում։

Պարոն չարենցագետն ու բակունցագետը հիշում է, որ տարիներ առաջ ինձ է դիմել՝ գրախոսելու իր «Ակսել Բակունց։ Կյանքը և ստեղծագործությունը» գիրքը, որ սիրահոժար իրականացրի ու հրատարակեցի «Գրական թերթի» 2011-ի ապրիլյան համարներից մեկում՝ «Գրականագիտական վաստակ» վերնագրով։ Այս հրապարակումից մի հատված էլ տեղ է գտել իր «Կենսամատենագիտության» մեջ։ Ասել է՝ ինձ ճանաչում է ու գիտի, և սակայն սեփական հավակնություններն այնքան են, որ կարող է մարդուն «փուռը գցել»։ Հուսամ՝ ընկնողներից չեմ։

Ինչ վերաբերում է փաստական սխալներին, ապա դրա համար պատասխան են տալու սխալվողները։ Այո, «Չարենցը Բակունցի հետ ծանոթացել և մտերմացել է 1926 թ. մարտին Երևանում, ուստի՝ Բակունցը չէր կարող 1921 թ հունիսին ներկա լինել Չարենցի և Արփենիկի ամուսնությանը և շնորհավորել նրանց»։ Հավելեմ․ Բակունցը չէր կարող ներկա լինել Մյասնիկյանի և Չարենցի հանդիպմանը, վեցամյա Ռեգինա Ղազարյանը չէր կարող ներկա լինել Չարենցի հարսանիքին, նյութին անծանոթ ընթերցող-հանդիսականի համար անհասկանալի են Իզաբելլայի հայտնությունն ու մասնակցությունը․․․ Իմ պիեսում չկա ժամանակագրության որևէ խախտում, ինչ տեղ է գտել ներկայացման մեջ։ Ինչ վերաբերում է Գուրգեն Մահարուն, ապա նրան 10 տարով դատապարտել են բանտային կալանքի (մի վրիպակի պատճառով տևել է տասնմեկ տարի), իսկ քաղաքացիական իրավունքները սահմանափակել են հինգ տարով, և դերասանի թյուր կատարման պատճառով ինձ դիտողություն անելը տեղին չէ։ Եվս մի փաստական անճշտություն․ Դ․ Գասպարյանի «Ակսել Բակունց։ Կյանքը և ստեղծագործությունը» գիրքը հրատարակվել է ոչ թե 1999-ն, ինչպես հեղինակն է գրում, այլ 2009-ին։

Կարևոր է նաև մի հարցի պատասխան՝ ո՞ւմ համար կամ ինչո՞ւ են հրատարակվել հարցաքնությունների արձանագրությունները։ Ճշմարտությունը վերականգնելո՞ւ նպատակով, ամեն ինչ իր տե՞ղը դնելու նպատակադրմամբ, հանրությանը հասու դարձնելո՞ւ համար, թե՞ ինչ-ինչ այլ ակնկալություններով։   

Լևոն Շանթի «Օշին Պայլ» թատերակում մի նախադասություն կա․ «Դիրքն ու պատիվը ստվերի կնմանին․ երբ կվազես ետևեն՝ կփախչի, երբ կվազե ետևեդ՝ կփախչիս»։ Թող պարոն Գասպարյանն ընտրի իրեն նախընտրելի տարբերակը, իսկ ես ուզում եմ փաստել, որ դեռ հարգում եմ իր տարիքն ու վաստակը, սակայն շատ այլ բաների հետ համաձայն չեմ, այնպես որ մնաք բարով։

 

Վալերի Փիլոյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

22․ 09․ 2025 թվական