Ֆրանսահայ անվանի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը, Արցախում է դիտելու CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը
«
Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դենիս Ջորկաեֆն ասել է, որ առաջին հերթին իրեն Արցախ է բերել առաջնությունը, սակայն այս ամենից զատ, կան մի շարք ծրագրեր, որոնք կքննարկվեն ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Հունիսի մեկին ներկա եմ գտնվել CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի բացման արարողությանը և պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ: Կարծում եմ` սա մեծ հնարավորություն է, որպեսզի Արցախը ճանաչելի դառնա աշխարհին: Շատ կցանկանայի, որ Արցախի թիմը հաղթի: Ֆուտբոլային խաղերում ամենից կարևորը հաղթանակն է, և սա պետք է մաղթենք մեր մասնակից թիմերին: Նույնիսկ եթե խաղում են հաճույք ստանալու և ուրախանալու համար, միևնույն է հաղթանակը առաջնահերթ է բոլոր մասնակից թիմերի համար»,- նշել է Դ. Ջորկաեֆը: