կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-30 16:02
Հասարակություն

Երևանն աշխարհում ճանաչելի է որպես անվտանգ և հյուրընկալ քաղաք. Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը

Երևանն  աշխարհում ճանաչելի է որպես անվտանգ  և հյուրընկալ քաղաք. Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Շուտով միասին կդիմավորենք 2018 թվականը: Հնի ու նորի այս ճամփաբաժանին նախ և առաջ ամփոփում ենք անցնող տարին՝ այն հաստատուն վստահությամբ, որ անպայման ամրապնդելու և ավելացնելու ենք բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք անցնող տարում: 
Երևանն այսօր աշխարհում ճանաչելի է որպես անվտանգ, համաչափ զարգացող, բարի և հյուրընկալ քաղաք: Եվ սա մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, մեր քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիդ: 
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
2018 թվականը հոբելյանական տարի է լինելու մեր սիրելի քաղաքի համար: Համայն հայության մայրաքաղաքը նշելու է հիմնադրման 2800-ամյակը: Ամեն սերնդի չէ, որ բախտ է վիճակվում նշել նման պատկառելի հոբելյան, առավել ևս հպարտանալ հարազատ քաղաքի հազարամյակների պատմությամբ և դինամիկ զարգացող ներկայով: Սա հրաշալի հնարավորություն է աշխարհին արժանապատիվ ներկայացնելու մեր սիրելի քաղաքը՝ ևս մեկ անգամ փաստելու, որ արարող հայերս գիտե՛նք գնահատել մեր քաղաքն ու սիրել սրտանց: 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայրաքաղաքի սիրելի՛ բնակիչներ և հյուրեր,
Տարվա տոնացույցի մեջ Ամանորն այն եզակի տոնն է, երբ շատերն անկեղծորեն հավատում են հրաշքի և վստահ են, որ այն կարո՛ղ է իրականանալ: 
Թերևս այդպես էլ կա, քանզի այս օրերին ասվող յուրաքանչյուր բարեմաղթանքի մեջ անսահման բարություն և անկեղծություն կա: Միանալով բոլոր այդ բարեմաղթանքներին՝ անսպառ սեր ու ջերմություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին:
Թող 2018 թվականը խաղաղության, վերելքի, բարեկեցության և նվիրական իղձերի իրականացման տարի լինի մեր երկրի, մեր ժողովրդի ու քաղաքամայր Երևանի համար:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: