կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-19 00:00
Արցախ

Ըստ CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդի` Արցախը պատրաստ է կազմակերպել CONIFA-ի աշխարհի առաջնությունը

Ըստ CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդի` Արցախը պատրաստ է կազմակերպել CONIFA-ի աշխարհի առաջնությունը

Ավարտվել է CONIFA 2019 Եվրոպայի առաջնությունը: Առաջնության ինը անմոռանալի ու հիանալի օրերին ֆուտբոլային ուրախ տրամադրություն էր իշխում Արցախում: Աշխարհի տարբեր ծայրերից Արցախ են ժամանել բազում ֆուտբոլասերներ, որոնք ականատես են եղել ավելի քան 20 խաղերի եւ գրանցված 60 գոլերի:

Հակառակորդ Ադրբեջանի կողմից առաջնության օրերին խանգարելու փորձեր բազմիցս եղել են, բայց խոչընդոտել առաջնությանը՝ Ադրբեջանին այդպես էլ չի հաջողվել։

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի խոսքերով՝ սպորտը, հատկապես ֆուտբոլը, այն բացառիկ բնագավառներից են, որոնք միավորում են ժողովուրդներին, ամրապնդում նրանց միջեւ բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը, նպաստում կապերի հաստատմանը, խթանում մարդասիրական շփումներն ու փոխգործակցությունը։

«Սպորտը չի ճանաչում սահմաններ եւ սահմանափակումներ, խտրականություն եւ երկաթե ստանդարտներ։ Այն խաղաղության խորհրդանիշ է, որտեղ պայքարն արդար է, եւ հաղթում է նա, ով լավ է պատրաստված» – ասել է նախագահը։

CONIFA-ն ներկայացնում է 6 մայրցամաքներում բնակվող 270 մլն մարդկանց, եւ հիմնադիրների խոսքերով՝ իրենց նպատակն է՝ նշանավորել այդ մարդկանց եւ ֆուտբոլը։

Առաջնությանը մասնակցել են ֆուտբոլային 8 թիմեր, որոնք խաղացել են 4 մարզադաշտերում։ Բարդ ժամանակացույցն ու ինտենսիվ գրաֆիկը երբեմն խոչընդոտել են թիմերին՝ վերականգնվելու եւ դրսեւորելու ավելի լավ որակներ, բայց, այնուամենայնիվ, արդար մրցապայքարում նրանք կարողացել են ցուցադրել իրենց առավելությունները:

Պադանիա-Արցախ հանդիպման ժամանակ մեր հավաքականը նվաճել է 5-րդ հորիզանական տեղը:

Conifa-ի եվրոպայի առաջնության նախագահ Ալբերտո Ռիսկիոն «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ անչափ տպավորվել է Արցախի հավաքականի ցուցադրած խաղից եւ իր շնորհակալությունն է հայտնել թիմի մարզիկներին փայլուն հաղթանակի համար։

Ռեկորդային գոլերի հեղինակ Արսեն Սարգսյանն ասել է, որ իրենք հաղթել են ցուցաբերած մեծ կամքի եւ ուժի շնորհիվ:

«Երկրպագուների ծափողջյուններն ու ոգեւորող գոչյունները մեզ ուժ են տվել՝ առաջ գնալու։ Հաջորդ խաղում նվաճելու ենք 1-ին հորիզոնականը»,- իր հերթին ասել է դարպասապահ Էրիկ Խաչատրյանը։

Եզրափակիչ փուլ իրենց ուղեգրերն են վաստակել Արեւմտյան Հայաստանն ու Հարավային Օսիան։ Ոսկե մեդալի արժանացել է Հարավային Օսիայի հավաքականը։

Հանդիպման ավարտին թիմերը պարգեւատրվել են մեդալներով, իսկ հաղթանակած թիմին Ալբերտո Ռիսկիոն հանձնել է հաղթական ոսկե գավաթը։ Փակման արարողությունն ավարտվել է հրավառությամբ:

Անդրադառնալով Արցախում անցկացրած օրերին՝ CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդն ասել է, որ հիացել է հայկական հնագույն պատմությամբ, մշակույթով եւ բնության հրաշքներով: Ապագայում Արցախում ընտանիքի հետ իր հանգիստը կազմակերպելու ցանկություն է հայտնել:

«Ֆանտաստիկ երկիր է Արցախը: Այստեղ ապահով է, եւ մարդիկ պատրաստ են գրկել աշխարհը»,- նշել է նա:

Նրա խոսքերով՝ Արցախում զարգանում եւ առաջ է ընթանում ֆուտբոլը: Նա անչափ տպավորվել է Արցախի հավաքականի ցուցադրած խաղից, եւ իր շնորհակալությունն է հայտնել թիմի մարզիկներին 5-րդ հորիզոնականում փայլուն հաղթանակի համար։

«Վստահ եմ՝ Արցախը պատրաստ է կազմակերպել CONIFA-ի աշխարհի առաջնությունը»,- եզրափակել է Բլինդը:

Ալբերտո Ռիսկիոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արցախի ժողովրդին ջերմ ընդունելության եւ հյուրասիրության համար: Հիմնադիրի խոսքերով՝ մեր հավաքականը պարբերաբար զարգանում է, առաջընթաց քայլեր ունի եւ գերազանցել է բոլորի սպասումները:

CONIFA-ի համահիմնադիր եւ գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոպը նույնպես տպավորվել է Արցախի ժողովրդից եւ առաջնության խաղերից: Ըստ նրա՝ CONIFA-ի փիլիսոփայությունն այն է, որ քաղաքականությունը երբեք չպետք է մարդկանց դուրս թողնի կամ հեռացնի սպորտից:

«Մեր գերագույն նպատակն է՝ Արցախն ու Արցախի գեղեցկությունը ներկայացնել աշխարհին: Ոչ մի քաղաքական ենթատեքստ չպարունակող առաջնությունը միավորել է մարդկանց՝ քաղաքականությունից դուրս, եւ մենք արել ենք ամեն ինչ՝ Արցախն աշխարհին որպես ընկերասեր, հյուրասեր, խաղաղ եւ զարգացող երկիր ներկայացնելու համար: Ափսոսում եմ, որ Արցախը դուրս է մնացել խմբային խաղերի ընթացքում, քանի որ ակնկալել եմ Արցախի հավաքականին տեսնել եզրափակիչ փուլում»,- ավարտել է նա։

Առաջնության շրջանակներում տարաբնույթ ճանաչողական այցեր ու մշակութային միջոցառումներ են կազմակերպվել՝ Շուշիի Կերպարվեստի պետական թանգարան, Դրամների թանգարան, Երկրաբանական թանգարան, Արցախի տեսարժան վայրեր:

ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ նախարարության աշխատակիցները տարբեր հանձնախմբերում ընդգրկվել են թիմերի տեղավորման, կամավորների հետ աշխատանքների կազմակերպման եւ մշակութային ծրագրերի իրականացման աշխատանքներում: Ըստ նախարարի՝  Վերածննդի հրապարակում իրականացվել են մշակութային տարբեր ծրագրեր պարի պետական համույթի, Ջազ-բենդ նվագախմբի, էստրադային համույթի մասնակցությամբ, ինչպես նաեւ՝ «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ նորաձեւության ցուցադրությամբ:

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքերով՝ Արցախում նման մասշտաբի մշակութային ծրագրեր առաջին անգամ են կազմակերպել, իսկ հյուրերը հիացել են մեր ժողովրդի ջերմ ընդունելությունից:

Անդրադառնալով ֆուտբոլային խաղերին՝ նախարարը հավելել է, որ եզրափակիչ փուլում ցանկացել է տեսնել մեր հավաքականին, բայց նաեւ բարձր է գնահատել Հարավային Օսիայի եւ Արեւմտյան Հայաստանի հավաքականների առավելությունները:

Լինելով Արցախի մշակութային կենտրոններում՝ Հարավային Օսիայի հավաքականի մարզիկ Դզագոյեւ Սոսլան նշել է, որ նմանություն է նկատել Արցախի եւ կովկասյան աշխարհի լեռների, բնության եւ մշակույթների մեջ։

Sportsbet.io-ի մենեջեր Լուսի Թոմասն իր խոսքում կարեւորել է իրենց արժեքները կիսող մրցաշարերում ընդգրկված լինելու փաստը: Նա նշել է, որ եզրափակիչ խաղը հուզումնառատ ու դիտարժան էր, եւ բարձր է գնահատել առաջնության կազմակերպիչների աշխատանքն ու ավելացրել, որ այն լավ նշաձող է սահմանել հետագա մրցաշարերի համար:

Sportsbet.io-ի Էստոնիայի ներկայացուցիչ Օլգա Կիկասը խոստովանել է, որ նախքան Արցախ գալը տարակուսանքով է լցվել Արցախի խաղաղ ու զարգացած լինելու մասին: Նա դրական ու հետաքրքիր փորձառություն է համարել Արցախում լինելը, որովհետեւ համոզվել է, որ Արցախը խաղաղասեր ու ընկերասեր երկիր է:

«Չգիտեմ, թե ինչն է տարանջատում ժողովուրդներին՝ սահմանները, թե քաղաքականությունը: Արցախի ժողովրդի ընդունելությունն ու հյուրընկալությունը, մարդկային ջերմ հարաբերությունները եվրոպայում տարածված չեն: Բոլոր դեպքերում մարդիկ պետք է միավորվեն քաղաքականությունից դուրս», -նշել է նա:

CONIFA -ի կազմկոմիտեի նախագահ, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ Արցախը մասնակցելու հայտ ներկայացրել է՝ աշխարհին որպես երիտասարդ, խաղաղ եւ զարգացող սպորտային երկիր ներկայանալու նպատակով։ «Բաց դռներ, ամուր դարպաս» կարգախոսն այս ամենի առհավատչյան է», – հավելել է նա։

Պետնախարարը շնորհավորել է մրցաշարի չեմպիոններին, հատուկ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին եւ զանգվածային լրատվամիջոցներում շուրջ 2000 նյութերով առաջնությունն օբյեկտիվ եւ հետաքրքիր լուսաբանած լրագրողներին:

CONIFA-ի կազմկոմիտեի փոխնախագահ, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի խոսքերով՝ առաջնությունը Արցախի համար յուրօրինակ մարտահրավեր էր, եւ իրենք կարողացել են պատվով ընդունել այն եւ հաղթանակած դուրս գալ:

«Գլխավոր գավաթը շահել է Հարավային Օսիայի թիմը, իսկ մնացած թիմերը՝ բարեկամության գավաթը»,- համոզմունքով ասել է նա:

Արցախում անցկացրած օրերի մասին անթաքույց հպարտությամբ ու հուզմունքով է խոսել CONIFA-ի Եվրոպայի առաջնության PR-ի եւ մարքեթինգի թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը, ով բավականին մեծ աշխատանքներ է տարել առաջնության կազմակերպման եւ անցկացման գործում:

«Արցախը սիրելու երկիր է: Նախքան այցելելը հյուրերը կարծել են, որ եկել են մեր մեծ հայրենիքի այս փոքրիկ ու ամուր հատվածը՝ մտածելով, թե ամենուր տեսնելու են արկեր, վիրավորներ ու պատերազմ։ Բայց, ի զարմանս նրանց, հանդիպել են կենսախինդ, եռանդուն ու տոկուն ժողովրդի, ովքեր իրենց ծննդավայրի պես պարզ են ու մաքուր, սարերի նման՝ ամուր։

«Բաց դռներ, ամուր դարպաս» Conifa Արցախ-ի կարգախոսը մեծ խորհուրդ ունի՝ ցանկացած դուռ բացվում է՝ դեռ չթակած, ամենուր հյուրասիրում են՝ առանց խնդրելու, ջերմությամբ համբուրում ու բարի ճանապարհ են մաղթում․․․»,- եզրափակել է նա:

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ