կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-02 10:43
Հասարակություն

Շառլ Ազնավուրը աշխարհին ճանաչելի դարձրեց հայ ժողովրդի իրական պատմությունն ու Հայաստանը. ՄԻՊ

Շառլ Ազնավուրը աշխարհին ճանաչելի դարձրեց հայ ժողովրդի իրական պատմությունն ու Հայաստանը. ՄԻՊ

Բրյուսելում մասնակցում եմ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային, որը տեղի է ունենում Բելգիայի խորհրդարանի շենքում: Ներկա են աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ: Հատուկ քննարկվելու է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրով նիստի ընթացքում:

Բարձրաստիճան միջոցառման բացման ընթացքում նիստը, որին ներկա էր ավելի քան 150 մարդ, հանկարծ ընդհատվեց նախագահողի կողմից, երբ քննարկվում էր օրակարգի կարևոր հարցերից մեկը: Նախագահողը ներողություն խնդրեց քննարկումն ընդհատելու համար ու տեղեկացրեց, որ անսպասելի կարևոր բան ունի ասելու բոլորին:

Այդ պահին մտքովս երբեք չէր էլ անցնի՝ ինչն է իրական պատճառը: Կարծեցի՝ մի որևէ հերթական աշխատանքային, բայց արտառոց բանն է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ, հասկանում էի, որ ինչ-որ բան այն չէ, որ սովորական հարցի մասին չէ խոսքը, քանի որ նախագահողն ակնհայտ հուզված վիճակում էր:

Նա վերջապես հայտարարեց, որ իր համար ողբերգություն է տեղի ունեցել՝ մահացել է երգիչ Շառլ Ազնավուրը: Այնուհետև, նիստը նախագահողն ընթերցեց տողեր, որոնք նվիրված էին Շառլ Ազնավուրին: Այդ տողերին հաջորդեցին Բելգիայի Սենատում հավաքված մարդկանց ծափողջյունները՝ որպես բարձր հարգանք արժանավոր երգչի նկատմամբ:

Հավատս չէր գալիս, երբ անասելի խորը ցավով լսեցի այդ բոթը՝ մեծանուն Հայի, երգչի ու աշխարհահռչակ գործչի մահվան բոթը: Այս ծանր կորուստը սգում ենք բոլորս:

Շառլ Ազնավուրը մեր հպարտությունն է, մեր Ազգային հերոսն է, հերոս է համամարդկային քաղաքակրթության համար: Նա աշխարհին ճանաչելի դարձրեց հայ ժողովրդի իրական պատմությունն ու Հայաստանը: Անգնահատելի է նրա անսահման մեծ ավանդը Հայաստանի հզոր ապագայի համար:

Զորակցությունս եմ հայտնում և վշտակցում եմ բոլորիս, մեծագույն Հայի ընտանիքին ու բոլոր հարազատներին:

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան