|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տոմսերի գների աճին: Նա տոմսերի գների աճը պայմանավորում է սեզոնով:
«Զբոսաշրջային հոսքերն ունենում են պիկային ժամանակաշրջան, և մենք հենց այս պահին գտնվում ենք այդ պիկային ժամանակաշրջանում: Տարեցտարի ամառվա վերջին և հուլիս ամսից սկսած ու ամանորյա տոներին ընդառաջ` տոմսերի գներն ու զբոսաշրջությանն առնչվող ինդուստրիայի գները բարձրանում են: Մեր երկրում տոմսերի գները սեզոնային ժամանակաշրջանին ավելի կտրուկ են արձագանքում»,- ասաց Ավետիսյանը:
Նրա խոսքով` ավիաընկերություններն իրենց ամառային չվերթերը պլանավորում են շատ ավելի վաղ և պլանավորածից ավելի շատ պահանջարկ ունենալու դեպքում, տեսնելով շուկայի ներկայիս պրոցեսները, փորձում են փոփոխություններ մտցնել չվացուցակի մեջ, ինչպես նաև փոխվում են օդանավերի տիպերն ու չվերթերի քանակը:
Հարցին, թե սպասելի՞ էր, որ առաջարկի փոփոխություն կլինի, և նման իրավիճակ կստեղծվի, Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ իրավիճակը քաոսային է: Ուղղություններ կան, որ նույնիսկ կրկնակիից ավելի շատ կարող է բարձրացած լինի ավիատոմսի գինը: Դա խոսում է պահանջարկի ավելացման մասին: Կան դեպքեր, երբ ավիաընկերությունները նույնիսկ չունեն բիզնես դասի տոմսեր»:
Ավետիսյանը նշեց, որ այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում ներգնա հոսքերն ավելի շատ են, քան արտագնա հոսքերը: «Սա չնախատեսված պահանջարկի ավելացում է: 7 ամսվա կտրվածքով` ուղևորահոսքը երկու օդանավակայաններից ավելացել է 30 տոկոսով»,- նշեց նա: