Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016թ. առաջին կիսամյակի կտրվածքով` Հայաստանն ունեցել է վերջին 10 տարվա ընթացքում ամենաբարձր արտահանման ցուցանիշը՝ շուրջ 168 մլն դոլար. այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Կիսամյակային կտրվածքով` նման ցուցանիշ մենք չենք ունեցել վերջին 10 տարիների ընթացքում: Ամենաբարձրը՝ 143 մլն դոլարը, եղել է 2013-ին: Այժմ մենք, փաստորեն, առաջին կիսամյակում շուրջ 25 մլն դոլարով ավելի մեծ արտահանման ծավալ ունենք, ինչը լավատեսություն է ներշնչում»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցության առաջին ժամանակահատվածում անորոշությունը շատ էր՝ կապված արտահանման ընթացակարգերի ոչ միանշանակ ընկալման, առանձին դեպքերում վարչարարական խոչընդոտների առկայության և այլնի հետ: Սակայն այժմ, նրա խոսքով, այդ ամենն աստիճանաբար հաղթահարվում է, և առաջիկայում ակնկալվում է, որ էլ ավելի կբարձրանա արտահանման աճի տեմպը դեպի ԵՏՄ տարածք, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնություն:
Ըստ Մինասյանի` ներկայումս Մոսկվայում բավական ակտիվ իրականացվում է հայկական ապրանքների վաճառք-ցուցահանդեսը: «Մեր առևտրային ներկայացուցիչը համապատասխան հանձնարարական է ստացել՝ Մոսկվայից զատ, այլ քաղաքներում նույնպես նման վաճառակետեր ստեղծելու համար, ինչն այսօր՝ ներկայիս տնտեսության պայմաններում, բավական նախընտրելի տարբերակ է»,- ասաց նա՝ նշելով, որ ընդլայնվում է նաև այլ երկրների հետ առևտրաշրջանառությունը:
«Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք աստիճանաբար սկսում ենք ավելի խորությամբ ընկալել ԵՏՄ-ի տված հնարավորությունները և ավելի ակտիվ օգտագերծել առկա գործիքները: Մենք բազմաթիվ հնարավորություններ ունենք, որոնք պետք է կիրառենք` իհարկե, չմոռանալով ԵՏՄ-ից դուրս այլ երկրների, հատկապես` ԱՄՆ-ի հետ մեր առևտրային հարաբերությունների մասին»,- ասաց նախարարը: