Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի և ՀՅԴ ՀԵՄ-ի ու ՆԱՈՒՄ-ի նախաձեռնությամբ` մայիսի 26-28-ը Երևան քաղաքի Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկում տեղադրված մանրակերտը ներկայացնում է Շուշիի ազատագրման գործողությունը:
Այն Շուշիի ազատագրման օրը ցուցադրվել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում` Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ և «Հաղթանակ» զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի համակարգող Արտաշես Մխիթարյանի խոսքով` մանրակերտի միջոցով ազատագրական գործողությունները ներկայացնելու գաղափարը երկար ժամանակ են փայփայել: «Մոտ 1.5 տարի առաջ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանն առաջարկեց ստեղծել Շուշիի ազատագրման գործողության մանրակերտ: Ինձ հանձնարարվեց պատրաստել այն, որպեսզի դրա միջոցով հանրությանը կարողանանք ցուցադրել` բոլոր այն ջոկատներով ու վաշտերով, որոնք մասնակցել են Շուշիի ազատագրմանը, ինչպես նաև բոլոր ուղղությունները, դրանց կարևորությունը, ըստ ուղղությունների` ջոկատների հարձակումը»,- նշեց նա:
Մխիթարյանն ընդգծեց, որ մանրակերտի նկատմամբ հասարակության ուշադրությունը շատ մեծ է: «Մեծ աշխուժության կա մանավանդ երեկոյան ժամերին: Մեզ նաև օտարերկրացի զբոսաշրջիկներ են մոտենում, հարցնում` ի՞նչ է սա: Մենք էլ ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով փորձում ենք նրանց պատասխանել ու տեղեկացնել Շուշիի ազատագրման մասին` տրամադրելով եռալեզու բուկլետ: Հայաստանի Առաջին Հանրապետության 101-րդ տարեդարձի և Միացյալ Հայաստանի անկախության հայտարարման ակտի 100-ամյակի առթիվ այս օրերին մանրակերտը ներկայացնում ենք` ընդգծելով, որ Արցախի ազատագրումը Միացյալ Հայաստանի առաջին քայլն է»,- ասաց նա:
ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության անդամ Սեդա Մակարյանը, որը մանրակերտի ստեղծման մասնակիցներից է, ասաց, որ մանրակերտի ցուցադրման համար ընտրել են Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկը, քանի որ այն բավականին մարդաշատ է: «Մանրակերտը ներկայացնելով` մենք նպատակ ունենք հասարակությանը ծանոթացնել Շուշիի ազատագրմանը, որովհետև շատերը տեղյակ չեն այդ մասին, ու կան մարդիկ, որոնք անգամ հերոսներին չգիտեն»,- նշեց նա:
Արտաշես Մխիթարյանը ներկայացրեց նաև Շուշիի ազատագրման ժամանակ ՀՅԴ մարտական խմբերի գործողությունը: Շուշիի բանտի ուղղությամբ, Աշոտ Ղուլյանի և Շոշի Ագոյի հրամանատարությամբ, գործել են Հրանտ Մինասյանի, Վարդան Ստեփանյանի, Գրիգոր Գրիգորյանի դասակները, Զարիսլու-Լիսագոր ուղղությամբ` ՀՅԴ վաշտը` Ժիրայր Սեֆիլյանի, Փոքր Քիրսի ուղղությամբ` ՀՅԴ դասակը` Հայկ Աբրահամյանի, Քարին տակ-Շուշի ենթաուղղությամբ` ՀՅԴ դասակը` հրամանատար Պավլիկ Գյուրջյանի հրամանատարությամբ:
Բերդաքաղաք Շուշիի ազատագրումից հետո` 1992թ. մայիսի 13-ին, ՀՅԴ վաշտը, գործակցելով Քարին տակ գյուղի ջոկատի հետ, Զարիսլու գյուղի մատույցներում կասեցրել է սրընթաց գրոհով` Շուշիի ուղղությամբ թշնամու գերազանցող ուժերի հարձակումը: Մայիսի 17-ին Արցախյան ուժերի հետ համատեղ ՀՅԴ վաշտն ազատագրել է 1991թ. գարնանը հայաթափված Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերը: Մայիսի 18-ի վաղ առավոտյան շարունակվել է ԻՊՈՒ առաջխաղացումը, ազատագրվել են թշնամու կողմից կրակակետերի վերածված պատմական Քաշաթաղի գյուղերը:
Հավելենք, որ եռօրյա ցուցադրության ընթացքում դաշնակցական երիտասարդները մանրակերտի միջոցով քաղաքացիներին և զբոսաշրջիկներին կներկայացնեն Շուշի բերդաքաղաքի ազատագրման գործողության մանրամասները, Շուշին ազատագրած ավագ սերնդի ընկերներից լսած հետաքրքիր և ուշագրավ փաստեր` հաղորդելով կարևորագույն պատգամ` ՀՅԴ-ն չի հանդուրժի մեր հերոս տղաների արյամբ և զոհաբերությամբ կերտված Արցախի անկախ Հանրապետության հանդեպ նվազագույն իսկ զիջման տրամադրություն: