Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր`մայիսի 24-ին, «Երկրապահ» կամավորականների միության շենքում տեղի ունեցավ թաեքվանդոյի հայկական ասոցիացիայի համաժողովի և ղեկավար կազմի ընտրություն, որի հետ համաձայն չէին ֆեդերացիայի անդամները: Նրանք միության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ ղեկավար կազմում լինեն ոչ թե ԵԿՄ-ականներ, այլ սպորտի ոլորտի ներկայացուցիչներ: Ֆեդերացիայի անդամները նաև պահանջում էին ընդհատել նիստը և այն այլ տեղ գումարել` պնդելով, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հովանավորում է Մանվել Գրիգորյանի հետնորդ հանցագործներին, որոնց նկատմամբ փողերի յուրացման փաստի առթիվ այս պահին կա հարուցված քրեական գործ:
Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին համագումարի դահլիճ, ինչից հետո ֆեդերացիայի համաժողով հրավիրողները ետնամուտքով դուրս եկան ԵԿՄ շենքից, իսկ համաժողովը կայացա՞վ, թե՞ ոչ, հայտնի չէ:
«Օլիմպիկ» ակումբի մարզիչ Վարդան Վարդանյանը նշում է. «Մեր նպատակն է, որ ՀՀ ղեկավարությանը, սպորտի նախարարությանը տեղյակ պահենք, որ ԵԿՄ-ում չլինի նիստը: Եթե նախկին խորհրդի կազմի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, ապա պետք է լինեն այլ ընտրություններ ու ոչ` ԵԿՄ-ում, մենք ուզում ենք, որ ԵԿՄ-ն չխոչընդոտի մեր ՀԿ-ի ընտրություններին: Մենք չենք ուզում ԵԿՄ-ի վրա քար գլորել, բայց թող չխառնվեն մեր գործերին: Նիստ էին անում, մենք եկանք, նրանք թողեցին ու փախան: Դա սպորտի մարդուն վայել արարք չէ»:
Շենքի առջև ակցիա իրականացնելուց հետո որոշ ժամանակ անց մասնակիցները շարժվեցին դեպի սպորտի նախարարություն` հանձնելու իրենց գրավոր դիմում գերատեսչությանը: Նշենք, որ նրանք ավելի վաղ բանավոր կերպով դիմել էին նախարարություն, բայց որևէ արդյունք չէր եղել:
Նախարարությունում ակցիայի մասնակիցներին դիմավորեց սպորտի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը: Նա վստահեցրեց, որ խնդիրը նախարարության դաշտում է: «Ես կդիմեմ արդարադատության նախարարին, և մենք կարճ ժամանակում լուծում կգտնենք՝ անվավեր ճանաչելու ընտրությունները»,- խոստացավ Ղազարյանը:
Ի դեպ, ակցիայի մասնակիցների խոսքով` Մանվել Գրիգորյանի քրոջ ամուսինը ֆեդերացիայի ամենաթույլ մարզիչն է, 10 տարի շարունակ չի կարողացել Հայաստանի մեծահասակների չեմպիոն պատրաստել: «Գրիգորյանի քրոջ ամուսինը մրցումների մեկնելուց առաջ մարզիկներին ասել է, որ վախենում է, թե կընկնեն ադրբեջանցիների հետ, և դա եղել է ապրիլյան դեպքերից հետո: Տարբեր մարդիկ դիմել են թե՛ Մանվել Գրիգորյանին, թե՛ նրա որդուն, ասել են, որ Մանվել Գրիգորյանի քրոջ ամուսինը քանդում է ֆեդերացիան, իսկ Մանվել Գրիգորյանն ասել է՝ դե բարեկամ է»,- նշում են նրանք: